Սեպտեմբերի 8-ին Հենրիխ Մխիթարյանը ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերում անցկացրած հանդիպումների թիվը հասցրեց 163-ի՝ Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալի» դեմ «Ինտերի» 1:2 հաշվով պարտված խաղում փոխարինման դուրս գալով 82-րդ րոպեին։
Այս հանդիպումից հետո հայ կիսապաշտպանը ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերում անցկացրած հանդիպումների պատմական ցուցակում հավասարվեց Կլարենս Զեեդորֆին և կիսում է 14-րդ հորիզոնականը։
Եվրոպական մրցաշարերում իր կարիերայի ընթացքում Մխիթարյանը հանդես է եկել «Փյունիկի», Դոնեցկի «Մետալուրգի», Դոնեցկի «Շախտյորի», Դորտմունդի «Բորուսիայի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Արսենալի», «Ռոմայի» և «Ինտերի» կազմում։
Մխիթարյանին այժմ ընդամենը չորս հանդիպում է բաժանում լավագույն տասնյակի ներկայիս շեմից՝ 167 խաղից։ Այդ ցուցանիշն ունեն Լիոնել Մեսին, Ջանլուիջի Բուֆոնը և Թոմաս Մյուլերը։
Տոնի Կրոսը Մխիթարյանից առաջ է ընդամենը մեկ հանդիպումով՝ 164 խաղ։ «Ինտերի» կազմում եվրոպական մրցաշարերում իր հաջորդ հանդիպման դեպքում Մխիթարյանը կհասնի 164 խաղի և կհավասարվի Կրոսին՝ կիսելով 13-րդ հորիզոնականը ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերում անցկացրած հանդիպումների պատմական ցուցակում։