Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը սեպտեմբերի 8-ին Բաքվում հանդիպել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնը։

Քննարկումները վերաբերել են Հայաստան-Ադրբեջան այսպես կոչված «խաղաղության գործընթացին», տարածաշրջանային անվտանգությանը և «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի՝ TRIPP-ի իրականացմանը, ներառյալ նախատեսվող ենթակառուցվածքներն ու TRIPP Development Company-ի ստեղծումը։

TRIPP-ը ձևավորվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում, որը հյուրընկալել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նախագիծը նախատեսում է տարանցիկ ուղի Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքի մարզով՝ մայրցամաքային Ադրբեջանը Նախիջևանին կապելու համար։

Փաշինյանի կառավարությունը հայտարարում է, որ Հայաստանը կպահպանի ինքնիշխանությունն ու պատասխանատվությունը սահմանային, մաքսային և անվտանգության գործառույթների նկատմամբ։ Քննադատները, սակայն, մտահոգություն են հայտնում TRIPP Development Company-ի նախատեսվող բաժնեմասերի կառուցվածքի կապակցությամբ, ըստ որի՝ առաջին 49 տարիներին ԱՄՆ-ին պետք է պատկանի 74%, իսկ Հայաստանին՝ 26%։ Եթե պայմանավորվածությունը երկարաձգվի ևս 50 տարով, Հայաստանի բաժնեմասը կաճի մինչև 49%։

Բաքվում տեղի ունեցած քննարկումները ևս մեկ անգամ ընդգծում են Ադրբեջանի անմիջական ներգրավվածությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում նախատեսվող նախագծի ձևավորման գործընթացում։

Մամեդովն ու Ալենը քննարկել են նաև Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունները և 2026 թվականի փետրվարին ստորագրված Ռազմավարական գործընկերության խարտիայի շրջանակում համագործակցությունը։

Ադրբեջանական հաղորդումների հրապարակման պահին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Ալենի հանդիպման կամ TRIPP-ի շուրջ քննարկումների վերաբերյալ առանձին հրապարակային հաղորդագրություն չէր տարածել։