Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կրկին բացահայտորեն Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կապել է նոր Սահմանադրության ընդունման հետ՝ չնայած Փաշինյանի թիմի պարբերաբար հնչող պնդումներին, թե սահմանադրական գործընթացը չի իրականացվում Բաքվի պահանջով։

Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ավարտին հասցնի նոր Սահմանադրության ընդունման գործընթացը, նախքան խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել։

Թեև նա Սահմանադրության ընդունման ժամկետներն ու ընթացակարգը բնորոշել է որպես Հայաստանի ներքին գործ, միևնույն ժամանակ հստակ արտահայտել է Բաքվի դիրքորոշումը։

«Մենք կսպասենք այս գործընթացի ամբողջական ավարտին և խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը», հայտարարել է Բայրամովը։

Այս հայտարարությունը ևս մեկ անգամ ուղղակիորեն հակասում է Հայաստանի իշխանությունների փորձերին՝ նոր Սահմանադրության ընդունումը ներկայացնելու որպես բացառապես ներքին նախաձեռնություն, որը կապ չունի Ադրբեջանի պահանջների հետ։

Մայիսին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը երկկողմ բանակցությունների շրջանակում պաշտոնապես չի ներկայացրել Սահմանադրությունը փոխելու պահանջ, միաժամանակ ընդունելով, որ Բաքուն բազմիցս հրապարակայնորեն հայտարարել է, որ խաղաղության համաձայնագիրը չի ստորագրի, քանի դեռ Հայաստանը չի փոխել իր Սահմանադրությունը։

Նիկոլ Փաշինյանը ևս պնդել է, որ նոր Սահմանադրության ընդունումը «զուտ հայկական օրակարգ» է։ Սակայն օգոստոսին նա ընդունեց, որ Ադրբեջանն ակտիվորեն բարձրացնում և «գործիքայնացնում» է սահմանադրական հարցը։

Փաշինյանը նաև հայտարարել է, որ նոր Սահմանադրությունում չպետք է հղում լինի Հայաստանի 1990 թվականի Անկախության հռչակագրին, որի նախաբանում հիշատակվում է Հայաստանի և Արցախի վերամիավորման վերաբերյալ 1989 թվականի որոշումը։

Այդ հղման վերացումը Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի բազմիցս հրապարակայնորեն ներկայացրած պահանջներից մեկն է։