Ազատության հրապարակում շարունակվում է արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի նախաձեռնած նստացույցը, որի նպատակն է ուշադրություն հրավիրել 2023 թվականին Արցախի հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտման և բռնի տեղահանման ողբերգական հետևանքների վրա։

Խորհրդի անդամները և մի խումբ քաղաքացիներ ամբողջ գիշեր ու առավոտ անցկացրել են հրապարակում՝ իրենց ներկայությամբ ընդգծելով համերաշխությունը և պահանջելով պետական հրատապ արձագանք՝ արցախահայության կենսական կարիքներին:

Գիշերը, ոստիկանության հետ բանակցություններից հետո, մասնակիցներին թույլ է տրվել սահմանափակ քանակությամբ քնապարկեր տեղափոխել նստացույցի տարածք՝ գիշերային պայմաններում մնալը հնարավոր դարձնելու համար։

Խորհուրդը նաև հայտարարել է, որ այսօր ժամը 20:30-ից 23:00-ը Խորհրդի անդամները հասանելի կլինեն ակտիվ համախոհների հետ քննարկման ու վաղվա գործողությունների ներկայացման համար: