Հուլիսի 14-ին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը բողոքի ակցիա է կազմակերպել ՀՀ կառավարության շենքի առջև՝ պահանջելով շտապ լուծումներ Արցախի քաղաքացիներին հուզող ծանր սոցիալական խնդիրների համար։

Հանդիպումից հետո Արցախցիների ներկայացուցիչները դուրս են եկել կառավարության շենքից։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ընդգծել է, որ հանդիպումը տևել է նախատեսվածից ավելի երկար։

«Բնակվարձի աջակցության ծրագրի շարունակման վերաբերյալ որևէ համաձայնության չեն հասել։ Նշեցին, թե ծրագրերի բարելավման հարցում կառուցողական են տրամադրված, սակայն իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ դա անիմաստ է», — հայտարարել է Ստեփանյանը։
Հանդիպումը տեղի է ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ։

Ստեփանյանը շեշտել է, որ այսօր արդեն պարզ է դարձել՝ Արցախի քաղաքացիների անօթևան մնալը կառավարության համար հիմնավոր պատճառ չի դիտարկվում՝ գործելու համար։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ի բողոքի ակցիայից հետո խորհուրդը որոշում էր կայացրել սկսել նստացույց Ազատության հրապարակում, որը երեկվանից տեղափոխվել է Հանրապետության հրապարակ։