2025 թ. հուլիսի 31-ին ՀՀ կառավարությունը հաստատեց որոշում, որով սահմանվեց ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկվող հատուկ տեխնիկայի ցանկը։ Ըստ ընդունված փաստաթղթի՝ այսուհետ գվարդիան կունենա զրահափոխադրիչ ԲՏՌ-80 և զրահափոխադրիչ ԲՌԴՄ-2, որոնք դասվում են ծանր ռազմական տեխնիկայի շարքը։

Նախագիծը մշակվել է ՆԳ նախարարության կողմից՝ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի պահանջով։ Վերջինս թույլ է տալիս գվարդիայի ծառայողին կիրառել հատուկ տեխնիկա հակաահաբեկչական գործողությունների ժամանակ կամ ռազմական դրության պայմաններում։ Ըստ նախարարության՝ նախագիծն «լրացուցիչ ֆինանսական բեռ չի ստեղծում» և համահունչ է ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագրին։

Սակայն այս որոշումը, անկախ իր իրավական հիմնավորումից, առաջացնում է մի շարք հասարակական և քաղաքական մտահոգություններ

Միլիտարիզացիայի խորացում

Իրավապահ կառույցների տեխնիկական համալրումը զրահափոխադրիչներով միանշանակորեն վկայում է իշխանությունների կողմից ներքին անվտանգությանը ռազմական մոտեցում ցուցաբերելու մասին։ Այս զարգացումը դժվար է դիտարկել միայն օրենքով սահմանված շրջանակներում, հատկապես այն պայմաններում, երբ հասարակական վստահությունը կառավարության նկատմամբ նվազման միտում ունի։

Քաղաքացիական ազատությունների վրա հնարավոր հարված

Նման տեխնիկայի առկայությունը ոստիկանության կազմում նշանակում է, որ իշխանությունը պատրաստ է օգտագործել այն ոչ միայն պատերազմական կամ հակաահաբեկչական, այլ նաև՝ ներքաղաքական ճնշումների ժամանակ։ Խաղաղ ցույցերի, բողոքի ակցիաների ժամանակ զրահափոխադրիչների օգտագործումը փաստացի սպառնալիք է քաղաքացիական ազատություններին և կարող է հանգեցնել բռնության էսկալացիայի։

Հասարակական ազդակ

Սա ուղիղ ուղերձ է հանրությանը. իշխանությունը պատրաստ է դիմել ճնշման, ոչ թե երկխոսության։ Ցանկացած կառավարման համակարգ, որը նման միջոցների է դիմում առանց լայն հասարակական քննարկման, լեգիտիմության բաց է ստեղծում։

Այն հանգամանքը, որ նախագիծն ընդունվել է առանց հանրային քննարկման, միայն խորացնում է այդ լեգիտիմության ճգնաժամը։