Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունվարի 15-ին հայտարարել է, որ Անկարան ակնկալում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը Ադրբեջանի պահանջներին համապատասխան և հստակ նշել է, որ առաջընթացը կապված է Հայաստանում հունիսի սկզբին նախատեսված խորհրդարանական ընտրությունների հետ։ «Ինչպես գիտեք, Հայաստանում հունիսի սկզբին տեղի են ունենալու ընտրություններ։ Սա կարևոր քայլ կլինի։ Մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանը ներկայումս առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում», ասել է նա։ «Մենք անկեղծորեն աջակցում ենք այն կառուցողական դերին, որը նա խաղում է այս հարցում։ Այս մոտեցումն ու այս վճռականությունը պետք է պահպանվեն»։

Մամուլի ասուլիսի ընթացքում Ֆիդանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բնութագրել է որպես ռազմավարական նշանակություն ունեցող բաղադրիչ Միջին միջանցքի համար, որը պաշտոնապես հայտնի է որպես Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային ուղի, մասնավորապես՝ Նախիջևանը Ադրբեջանի հետ կապելու տեսանկյունից։ Նրա խոսքով՝ նախագիծը նաև ավելի լայն տարածաշրջանային նշանակություն ունի։

Ֆիդանը հավելել է, որ Միջին միջանցքը օգուտ կբերի Թուրքիային՝ ապահովելով ուղիղ հասանելիություն թյուրքական աշխարհին և Կենտրոնական Ասիային, նշելով, որ այս ուղղությամբ ներկայումս իրականացվում է ինտենսիվ աշխատանք։

Նա նշել է, որ այն ժամանակ, երբ Հայաստանի արտաքին գործերի նախարարը գտնվում էր Միացյալ Նահանգներում, հրապարակվել է մի փաստաթուղթ, որը պարունակում է առաջարկներ այն հարցի վերաբերյալ, ինչը Թուրքիան և Ադրբեջանը անվանում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»՝ հավելելով, որ մի շարք տեխնիկական հարցեր դեռևս մնում են չլուծված։

«Մենք այս փաստաթուղթը շատ մանրակրկիտ ուսումնասիրել ենք։ Երեկ ես գրեթե երկու ժամ զրուցել եմ իմ հարգարժան գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ դրա բովանդակության և մեկնաբանության շուրջ, քանի որ նրանց տեսանկյունը կարևոր է։ Մենք նաև տեղեկացրել ենք մեր նախագահին»։

Ֆիդանի խոսքով՝ Թուրքիան ցանկանում է, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա համաձայնությունը ձևակերպվի և ավարտվի ստորագրմամբ, և հույս ունի, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավորինս շուտ առաջ կգնա։ Նա ընդգծել է, որ քաղաքական կամք կա Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի ղեկավարությունների շրջանում՝ հավելելով, որ Հայաստանին մնում է իրականացնել ընդամենը մի քանի քայլ։