Մասյացոտնի թեմը հայտնում է, որ վերջին օրերին թեմի մի շարք քահանաների հետ կապ են հաստատել տարբեր անձինք, այդ թվում՝ համայնքապետարանների աշխատակիցներ, ինչպես նաև քահանաների շրջապատին մոտ և ազդեցիկ համարվող անհատներ։ Ըստ թեմի հաղորդագրության՝ փորձ է արվել տարբեր եղանակներով քահանաներին ուղղորդել՝ միանալու թեմի նախկին առաջնորդին և ընդունելու նրա առաջնորդական իշխանությունը։

Թեմի տեղեկություններով՝ կիրառվել են ինչպես բարեկամական հորդորներ և ծառայողական առավել բարվոք պայմանների առաջարկներ, այնպես էլ սպառնալիքներ և ճնշում։ Նշվում է նաև, որ որոշ դեպքերում համայնքապետարանների աշխատակիցները, հղում կատարելով դատարանի որոշման վրա, պնդել են, թե քահանաները պարտավոր են ազատել իրենց եկեղեցիները՝ ներկայացնելով այդ պահանջը որպես Գևորգ եպիսկոպոսի որոշում։

Մասյացոտնի թեմը հայտնում է, որ քահանա հայրերը չեն ենթարկվել հիշյալ հորդորներին կամ ճնշումներին։ Ըստ հաղորդագրության՝ նրանք ընդգծել են, որ իրենց ծառայությունը պայմանավորված է բացառապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրությամբ, կարգ ու կանոնով, և որ իրենք պարտավորված են անշեղորեն պահպանել Եկեղեցու սահմանված կարգը՝ անկախ արտաքին ազդեցություններից։

Թեմի հաղորդմամբ՝ սպառնալից խոսույթով ներկայացված պահանջները հիմնականում ուղղված են եղել Արարատի և Վեդու տարածաշրջանների քահանաներին։

Մասյացոտնի թեմը ներկայացրել է նաև մեկ վկայություն, որում ասվում է.

«Քիչ առաջ գյուղապետի մոտից եկա։ Սրբազանի խոսքը ինձ փոխանցեց՝ ասելով, որ եթե երկու օրվա ընթացքում չներկայանամ Սրբազանին, ինձ գործից կհեռացնի»։

Թեմի հաղորդմամբ՝ իրավիճակը շարունակում է մնալ իրենց ուշադրության կենտրոնում։