Այսօր՝ ապրիլի 26-ին, լրանում է 2022 թվականին Երևանի Պարոնյան–Լեո խաչմերուկում տեղի ունեցած ողբերգության չորրորդ տարելիցը․ Փաշինյանի ավտոշարասյան ուղեկցող մեքենան վրաերթի էր ենթարկել 28-ամյա, 31 շաբաթական հղի Սոնա Մնացականյանին։

Վրաերթը իրականացվել էր «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով, որը վարում էր Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանը։ Մնացականյանը տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, սակայն գիտակցության չգալով՝ մահացել էր։ Նրա չծնված երեխային նույնպես չէր հաջողվել փրկել։

Երեք տարվա քննությունից հետո՝ 2025 թվականի օգոստոսին, դատարանը Նավասարդյանին մեղավոր է ճանաչել ճանապարհային կանոնների խախտմամբ մահվան ելքով վրաերթի և դեպքի վայրը լքելու համար։ Նա դատապարտվել է 1.5 տարվա ազատազրկման, զրկվել է վարորդական իրավունքից 1.5 տարի ժամկետով և պարտավորվել է փոխհատուցում վճարել ընտանիքին։

Սակայն գործը փաստացի ավարտված չէ։

Նավասարդյանը շարունակում է մնալ ազատության մեջ և աշխատել նույն համակարգում։ Դատավճիռը բողոքարկվել է երկու կողմերի կողմից, և գործը ներկայումս ձգձգվում է վերաքննիչ դատարանում։ Վաղեմության ժամկետը լրանում է 2027 թվականի ապրիլին, և եթե գործընթացը շարունակվի նույն կերպ, կա հավանականություն, որ նա այդպես էլ ազատազրկում չի կրի։

Միաժամանակ, ավտոշարասյան կազմակերպման և պատասխանատու պաշտոնյաների վերաբերյալ որևէ իրավական գործընթաց առաջընթաց չի ունեցել։

Ավելին, Սոնա Մնացականյանի դեպքը միակը չէ. Փաշինյանի ավտոշարասյան հետ կապված միջադեպերը տարիների ընթացքում բազմաթիվ են եղել, ինչը ավելի է խորացնում հանրային մտահոգությունները անվտանգության և վերահսկողության հարցերի շուրջ։

Չնայած ողբերգության մասին պարբերաբար հրապարակումներին, ամբողջական կոնտեքստի բացակայությունը կարող է ստեղծել տպավորություն, թե արդարությունը կայացել է։ Իրականում գործը շարունակում է մնալ բաց՝ առաջացնելով լուրջ հարցեր պատասխանատվության և համակարգային անպատժելիության վերաբերյալ։

Այսօր՝ ժամը 18:00-ին, Լեո–Պարոնյան խաչմերուկում մոմավառություն կկայանա՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի, ովքեր զոհվեցին Փաշինյանի կորտեժի անիվների տակ։