Մանիշակ Բաղդասարյան
Հունիսի 7-ին Հայաստանում ընտրություններ են: Տարիներ անց՝ պատմության գրքերում, գուցե հետ նայենք այս ընտրություններին ու եզրահանգենք, որ դրանք Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքի համար պայքար էին: Արևմուտքի՝ որն ընդամենը հնարավորություն է տեսնում ամրապնդելու դիրքերը Հարավային Կովկասում, Ռուսաստանի Դաշնության՝ որը չի ուզում կորցնել նախկին դաշնակցին:
Բայց եթե այս ընտրությունները ներկայացվեն միայն Ռուսաստանի և Արևմուտքի պայքարի շրջանակում, բաց կթողնենք ավելի խոր ու ցավոտ ներքաղաքական իրականությունը Հայաստանում. կառավարությունը ձախողել է ազգային շահերի պաշտպանությունը, իսկ ընդդիմությունը հաճախ չի կարողացել ճիշտ կազմակերպվել:
Քանի՞ իրական այլընտրանք
Այս ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ: Այս ուժերից քանի՞սն են փորձում կառավարել, ու քանի՞սն են ուղղակի քաղաքականապես ողջ ուզում մնալ: ՀՀ ընտրական կանոնակարգով պետական ֆինանսավորման համար շեմը ցածր է: Առնվազն 2% ձայն հավաքած կուսակցությունները ստանալու են ֆինանսավորում՝ մինչ հաջորդ ընտրությունները: Այսինքն, կուսակցությունը կարող է չմտնել խորհրդարան, տանել ձայներ, որոնք այլ դեպքում կարող էին բաշխվել ընդդիմադիր այլ ուժերի միջև ու միևնույն է՝ ընտրություններից դուրս գալ քաղաքական ու ֆինանսական շահույթով: Ու հենց այս ուժերին տրված ձայները փոշիանում են: Դրանք հասարակական զայրույթն ու հիասթափությունը բաժանում են փոքր կտորների, որոնք հետո չեն կարողանում վերածվել իրական իշխանության:
Մասնատումը՝ անպատասխանատվություն
Սովորական քաղաքական միջավայրում մրցակցությունն առողջ երևույթ է, բայց ազգային պառակտվածության պահին, երբ երկիրը դեռ ապրում է պատերազմի, տեղահանության, անապահովության և դիվանագիտական ձախողումների հետևանքներով, այս քաղաքական ուժերի մասնատումը դառնում է ուղղակի անպատասխանատվություն:
Փաշինյանին բավական է, որ ընդդիմադիր ուժերն ու ալընտրանքները լինեն շատ, իսկ ժողովրդի մասնակցությունը՝ ցածր: Այդ պատճառով ընտրողները հունիսի 7-ին պիտի համախմբված մասնակցեն ընտրություններին: Բայց Հայաստանի խորհրդարանական ընտրություններում մեր ձայնը ուժ է դառնում միայն այն դեպքում, երբ ընտրում ենք ներկայացուցիչների որոնք իրական հնարավորություն ունեն անցնելու ընտրաշեմը (կուսակցությունների դեպքում՝ 4, դաշինքների դեպքում՝ 8%) և ձևավորելու կոալիցիաներ: Ցավոք, ընտրել կուսակցություն, որն ուղղակի հայենասիրական է, ծանոթ կամ, որն ուղղակի դուր է գալիս ընտրողին կնշանակի փոշիացնել ձայնը՝ հոգուտ Փաշինյանի:
Այսինքն՝ գործող իշխանության դեմ քվեարկող ընտրողները պիտի իրենց ավելի բարդ հարց տան. Ո՞ր ուժը կհաղթահարի ընտրաշեմն ու չի միանա գործող իշխանությանը:
Կորստից դեպի «ուժ»
Այս ընթացքում, ներկա իշխանությունն ակտիվ օգտագործում է վարչական ռեսուրսը, որպեսզի էլ ավելի մոլորեցնի չկողմնորոշված ընտրողներին: Փաշինյանը գիտի, որ իր ամենախոցելի կետը ազգային անվտանգությունն է: Նա գիտի, որ քաղաքացիները կապում են իր ղեկավարությունը կորստի, պարտության ու Արցախի հանձնման հետ: Մայիսի 28-ին իրականացված ռազմական շքերթը սրա վառ օրինակն էր: Այս շքերթը այդ պատկերը փոխելու համար էր: Այն այդ պատկերը ուժի, ինքնիշխանության ու վերազինման պատկերի հետ փոխարինելու համար էր: Այն ուղղակի նախընտրական ուղերձ էր. Հայաստանը «վերակառուցվում է», Հայաստանը «տարբերակներ ունի», Հայաստանը այլևս «կախված չէ Ռուսաստանից»:
Բայց հրապարակում ցուցադրված զինտեխնիկան չի ջնում քաղաքական պատասխանատվությունը ու պատասխան չի տալիս Արցախից տեղահանված հայերի տառապանքների համար: Այն չի լուծում կառավարության և հասարակության միջև անվստահությունը, ու չի կարող համոզել քաղաքացիներին մոռանալ, որ նույն իշխանությունը, որն այսօր նոր մանդատ է խնդրում, ղեկավարել է Հայաստանի նորագույն պատմության ամենաաղետալի ժամանակաշրջաններից մեկը: Մինչ այսօր, Փաշինյանի հիստերիա հիշեցնող պահվածքը, կանանց հանդեպ բռնի վերաբերմունքն ու աճող հակաարցախյան դիրքորոշումը մոլորեցնում են նաև իրեն պաշտպանողներին:
Արտաքին աջակցությունը լեգիտիմություն չէ
Նույն կերպ, Թրամփի աջակցությունն ու Ռուբիոյի այցը չպիտի շփոթվեն լեգիտիմության հետ: Արտաքին միջամտությունը օտարերկյա ընտրություններին միևնույն է միջամտություն է, անկախ նրանից, թե դա ով է անում՝ Ռուսաստանը, թե ԱՄՆ-ն: Արտաքին ուժերը հայ ղեկավարներին չեն աջակցում Հայաստանի հանդեպ սիրուց դրդված։ Նրանք գործում են իրենց շահերով։ Միացյալ Նահանգները տեսնում է ռազմավարական հնարավորություն։ Ռուսաստանը տեսնում է ռազմավարական կորուստ։ Երկուսն էլ հաշվարկում են։
Բայց իշխանությունը փորձում է դա պտտել հօգուտ իրեն: Հայերին ստիպում են մտածել կեղծ երկընտրանքներով. կա՛մ Փաշինյան, կա՛մ Ռուսաստան։ Կա՛մ գործող իշխանություն, կա՛մ աշխարհաքաղաքական մեկուսացում։ Կա՛մ արևմտյան աջակցություն, կա՛մ հետընթաց: Բայց մեր երկրին պետք է ղեկավարություն, որը կարող է պաշտպանել ինքնիշխանությունը՝ առանց արժանապատվությունը զիջելու ու կառուցել միջազգային դիվանագիտական կապեր՝ առանց ուրիշի գործիք դառնալու:
Գնա՛ ընտրության
Տարիներ անց գուցե կարդանք Թրամփի, Ռուբիոյի, Ռուսաստանի ճնշումների ու Եվրոպական Միությանը միանալու մասին, բայց փաստը մնում է մեկը. Հայաստանի ապագան դրված է խաղասեղանին:
ՀՀ վարչապետն օրեցօր էլ ավելի մտահոգիչ ելույթներ է ունենում: Մտահոգիչ՝ ազգային անվտանգության, մշակույթի, հայոց պատմության ու վերջապես ազգային արժանապատվության համար: Հետևաբար՝ հունիսի 7-ը քննություն է: Մենք պարզապես չենք կարող թույլ տալ նույն սխալը: Եթե ժողվուրդը սպասում է փոփոխության, ապա պիտի քվեարկի այնպես, որ այդ փոփոխությունները հնարավոր լինի իրականացնել:
Դա նշանակում է գնալ ընտրությունների: Դա նշանակում է մերժել անտարբերությունը: Դա նշանակում է մերժել բոլոր այն կուսակցություններին, որոնք չունեն իշխանության հասնելու իրական ճանապարհ: Դա նշանակում է վերջապես մեր ձեռքը վերցնել մեր երկրի ապագան: Ու դա միայն կարելի է իրագործել հունիսի 7-ին՝ ընտրություններին բարձր մասնակցություն ապահովելով:
Մանիշակ Բաղդասարյանը Կալիֆոռնիայի համալսարանի (Սան Դիեգո) Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժնի բակալավրիատի երկրորդ կուրսի ուսանող է՝ պատմության և Մերձավորարևելյան ուսումնասիրությունների ենթամասնագիտացումներով։ Նա աշխատում է որպես հետազոտական օգնական UC San Diego-ի Քաղաքագիտության բաժնում՝ կենտրոնանալով հակամարտությունների և ապստամբ խմբերի կառավարման (rebel governance) վերլուծության վրա։