Ադրբեջանը շարունակում է օկուպացված Արցախում հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը։ Վերջին փաստագրված դեպքը վերաբերում է Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում գտնվող երկու հուշարձանների քանդմանը, հայտնում է «Artsakh Monuments» մշտադիտարկման նախաձեռնությունը։

Ոչնչացված հուշարձաններից մեկը նվիրված էր Արցախի ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակին և գյուղում կանգնեցվել էր 2012 թվականին։ Երկրորդը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված Աստղաշենի բնակիչների հիշատակին և այնտեղ կանգնած էր դեռևս 1970-ականներից։

Հուշարձանների ոչնչացումը Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից հայկական պատմամշակութային ներկայությունը վերացնելու շարունակական քաղաքականության մի մասն է։ Եկեղեցիների, գերեզմանոցների, խաչքարերի, հուշարձանների և մշակութային ժառանգության այլ օբյեկտների քանդումը դարձել է Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածաշրջանում շարունակաբար արձանագրվող երևույթ։