Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը կրկին խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ այս անգամ այն կապելով ապագայում ադրբեջանական էլեկտրաէներգիայից Հայաստանի հնարավոր կախվածության հետ։
Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ալիևը հայտարարել է, որ TRIPP նախագծի շրջանակում աշխատող ադրբեջանցի մասնագետներն արդեն ուսումնասիրություններ են կատարել Հայաստանի տարածքում և որոշել էլեկտրահաղորդման գծերի հենասյուների տեղադրման հնարավոր վայրերը։
Ալիևը կրկին «Զանգեզուրի միջանցք» եզրույթն է օգտագործել Հայաստանի ինքնիշխան տարածքով նախատեսվող երթուղու վերաբերյալ, թեև Հայաստանը բազմիցս մերժել է այդ ձևակերպումը՝ պնդելով, որ իր տարածքով անցնող ցանկացած ճանապարհ պետք է ամբողջությամբ ենթարկվի Հայաստանի ինքնիշխանությանն ու իրավազորությանը։
Այնուհետև Ալիևը խոսել է Մեծամորի ատոմակայանի գործունեության դադարեցման հեռանկարի մասին՝ հայտարարելով, որ այդ դեպքում Հայաստանը կարող է էներգետիկ դեֆիցիտի առաջ կանգնել։ Միաժամանակ նա ակնարկել է, որ Ադրբեջանը կարող է Հայաստանին էլեկտրաէներգիա մատակարարել։
Ենթատեքստը պարզ է․ Մեծամորի ատոմակայանի փակվելուց հետո Հայաստանի հնարավոր էներգետիկ խոցելիությունը Բաքուն դիտարկում է որպես Հայաստանի վրա ազդեցության նոր լծակ ձեռք բերելու հնարավորություն:
Արցախի փորձից հետո այս խոսքերը բոլորովին այլ հնչողություն են ստանում։ Բերձորի (Լաչինի) միջանցքի շրջափակման ժամանակ Արցախի հայ բնակչությունը պարբերաբար զրկվում էր գազից ու էլեկտրաէներգիայից, իսկ սննդի, դեղորայքի և կենսական նշանակության այլ ապրանքների մուտքը խիստ սահմանափակված էր։ Այդ ընթացքում թե՛ էներգամատակարարումը, թե՛ արտաքին աշխարհի հետ կապը Ադրբեջանի ձեռքում դարձան ճնշման միջոցներ։
Այս նախադեպի ֆոնին Հայաստանի հնարավոր «էներգետիկ ճգնաժամի» մասին Ալիևի խոսքերը, «Զանգեզուրի միջանցքի» թեմայի կրկին առաջ մղումը և Հայաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու պատրաստակամությունը դժվար է ընկալել պարզապես որպես տարածաշրջանային համագործակցության առաջարկ։ Դրանք ավելի շուտ նոր կախվածություն ձևավորելու և Հայաստանի նկատմամբ լրացուցիչ ազդեցության լծակ ձեռք բերելու փորձ են հիշեցնում։
Արցախից հետո հարցը հետևյալն է․ արդյո՞ք Հայաստանին աստիճանաբար տանում են մի իրավիճակի, որտեղ Բաքուն կարող է ազդեցություն ձեռք բերել ոչ միայն Հայաստանի ռազմավարական հաղորդակցությունների, այլև էներգամատակարարման վրա։