Հոկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ջերմուկի մերձակայքում գտնվող Ամուլսարի ոսկու հանքի պաշտոնական բացմանը՝ հայտարարելով, թե հանրության մտահոգությունները փարատվել են։ Մինչդեռ բնապահպան ակտիվիստները նրա իշխանություններին մեղադրում են միջոցառումը հանրությունից գաղտնի պահելու մեջ։
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամները հայտնել են, որ հանքի բացման մասին պատահաբար են իմացել Ջերմուկ կատարած այցի ընթացքում։ Այս հանգամանքը հարցեր է առաջացնում Հայաստանի ամենավիճահարույց հանքարդյունաբերական ծրագրերից մեկի շուրջ իշխանությունների թափանցիկության վերաբերյալ։
Բացման արարողության ժամանակ Փաշինյանը պնդել է, թե բողոքի ցույցերի բացակայությունը վկայում է, որ իշխանություններին հաջողվել է պատասխանել հանրությանը հուզող հարցերին և ստեղծել այնպիսի պայմաններ, որոնցում քաղաքացիները հանքը կարող են համարել նաև իրենցը։
Սակայն բնապահպանական նախաձեռնությունը կտրականապես չի կիսում այդ գնահատականը՝ ահազանգելով Ամուլսարի լեռնային էկոհամակարգի, ջրային պաշարների և Ջերմուկի՝ որպես առողջարանային քաղաքի ապագայի համար հնարավոր ծանր հետևանքների մասին։
«Սիրելի՛ ջերմուկցիներ, մտահոգ հայե՛ր, պատրա՞ստ եք ձեր աչքի առջև տեսնել հսկա սարի կործանումը, ամբողջ տարածքի էկոհամակարգի ավերումը, ջրերի թունավորումը ու առհասարակ Ջերմուկի անկումը…», նշված է «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության տարածած հայտարարության մեջ։
Ամուլսարի հանքի բացումը կտրուկ հակադրվում է 2018 թվականին ստեղծված իրավիճակին, երբ զանգվածային բողոքի ակցիաների և դեպի հանք տանող ճանապարհների շրջափակման հետևանքով շինարարական աշխատանքները փաստացի դադարեցվել էին։ Նույն թվականին իշխանության եկած Փաշինյանը, որը խոստանում էր ավելի հաշվետու կառավարում և հանրության մտահոգությունների նկատմամբ հետևողական վերաբերմունք, հետագայում աջակցեց ծրագրի շարունակմանը։
2025 թվականի օգոստոսին Ամուլսարում շինարարությունը վերսկսվեց՝ չնայած տարիներ շարունակ բարձրաձայնվող բնապահպանական վտանգներին։ Դրանց թվում են հանքավայրից թթվային դրենաժի առաջացման, Արփա և Որոտան գետերի ավազանների հնարավոր աղտոտման, ինչպես նաև Ջերմուկի հանքային ջրերի պաշարների վրա բացասական ազդեցության մտահոգությունները։
Հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը, իր հերթին, պնդում է, որ բնապահպանական անվտանգության անհրաժեշտ միջոցառումներն ապահովված են։
Հանքի բացման ժամանակահատվածն առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև այն պատճառով, որ Հայաստանը պատրաստվում է Երևանում հյուրընկալել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։
Մի կողմից Փաշինյանի իշխանությունները պատրաստվում են միջազգային հարթակում ներկայացնել բնապահպանության ոլորտում Հայաստանի ստանձնած պարտավորությունները, մյուս կողմից՝ հանդիսավորությամբ նշում են մի հանքարդյունաբերական ծրագրի մեկնարկը, որի դեմ բնապահպանական կազմակերպությունները տարիներ շարունակ պայքարել են։
Այս հակադրությունը նոր հարցեր է առաջացնում իշխանությունների բնապահպանական առաջնահերթությունների և հանրային դժգոհության նկատմամբ նրանց վերաբերմունքի վերաբերյալ։
Առանձին հարց է նաև Փաշինյանի այն պնդումը, թե բողոքի ակցիաների բացակայությունը նշանակում է, որ հանրությունն ընդունել է ծրագիրը։ Եթե բնապահպան ակտիվիստները, ինչպես իրենք են հայտարարում, անգամ տեղյակ չեն եղել բացման արարողությունից, ապա որքանո՞վ է հիմնավոր բողոքի բացակայությունը ներկայացնել որպես հանրային մտահոգությունների փարատման ապացույց։
Ամուլսարի շահագործման հակառակորդների համար հանքի բացումը ոչ թե տարիներ շարունակվող հակասությունների ավարտն է, այլ բնապահպանական անվտանգության, իշխանությունների հաշվետվողականության և Ջերմուկի ապագայի շուրջ պայքարի նոր փուլը։