Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ Արման Սարոյանի հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։
Սարոյանը պահանջում էր անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ իրեն թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատելու որոշումը և վերականգնել իրեն պաշտոնում։
Մայր Աթոռի փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով՝ դատարանը հաստատել է Եկեղեցու առանցքային իրավական դիրքորոշումը, ըստ որի՝ թեմակալ առաջնորդների նշանակումն ու պաշտոնից ազատումը կաթողիկոսի բացառիկ իրավասությունն են և Եկեղեցու ինքնակառավարման անբաժանելի մասը։
Դատարանը կարևորել է նաև Սարոյանի եպիսկոպոսական ուխտադրությունը, որով նա պարտավորվել էր հավատարիմ մնալ Ամենայն հայոց կաթողիկոսին, ենթարկվել նրա իշխանությանը և պահպանել եկեղեցական կանոնները։
Դատարանը վերացրել է նաև նախկինում կիրառված սահմանափակումները, որոնցով Մայր Աթոռը պարտավորվել էր ապահովել Սարոյանի պաշտոնավարումը։
Հատկանշական է, որ հենց այդ միջանկյալ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով քրեական հետապնդում է հարուցվել Գարեգին Բ-ի և վեց բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ։