Արմեն Խաչիկյան
Դասական քաղաքական կուսակցությունները կորցնում են ոչ միայն աջակցությունը, այլև գրավչությունը։ Հատկապես երիտասարդների շրջանում թուլանում է որևէ կուսակցության հետ նույնականանալու ցանկությունը թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Հայաստանում։
ԱՄՆ․ աճում է քաղաքականապես անկախների սերունդը.
Gallup-ի տվյալներով՝ չափահաս ամերիկացիների 45%-ն իրեն նույնականացրել է որպես քաղաքականապես անկախ։ Դեմոկրատների և հանրապետականների հետ նույնականացել է 27-ական տոկոսը։ 2026 թվականի երրորդ եռամսյակում անկախների մասնաբաժինը հասել է 45%-ի, դեմոկրատներինը՝ 30%-ի, իսկ հանրապետականներինը նվազել է մինչև 25%։
Ըստ սերունդների քաղաքականապես անկախ են համարում ՝
Z սերունդ (18–28 տ.)՝ 56%-ը։
Միլենիալներ (29–44 տ.)՝ 54%-ը։
X սերունդ (45–60 տ.)՝ 42%-ը։
Բեյբի բումերներ (61–79 տ.)՝ 33%-ը։
Լուռ սերունդ (80 տ. և բարձր)՝ 30%-ը։
Այս թվերը ցույց են տալիս, որ երիտասարդ ամերիկացիների մեծամասնությունը չի ցանկանում իրեն նույնականացնել երկու հիմնական կուսակցություններից որևէ մեկի հետ։ Ընդ որում, սա չի նշանակում, որ երիտասարդներն անտարբեր են քաղաքականության նկատմամբ։
Միաժամանակ, ԱՄՆ-ում պահպանողականներն ընդհանուր առմամբ դեռ գերազանցում են լիբերալներին՝ 35%՝ 28%-ի դիմաց։ Սակայն այդ տարբերությունը 1992 թվականից ի վեր ամենափոքրն է։ Իսկ քաղաքականապես անկախների շրջանում 47%-ը իրեն համարում է չափավոր(moderate), 27%-ը՝ պահպանողական, 24%-ը՝ լիբերալ։
Այսպիսով, կուսակցական ինքնանույնականացման թուլացումը չի նշանակում գաղափարախոսությունների անհետացում։ Թուլանում է քաղաքացիների կապը գաղափարախոսություններն ու քաղաքական նախընտրությունները ներկայացնող ավանդական կառույցների հետ։
Երրորդ ուժի պահանջարկը․
Gallup-ի՝ 2025 թվականի հոկտեմբերին հրապարակած հետազոտությունը ցույց է տալիս, որ ամերիկացիների 62%-ը կարծում է՝ երկրին անհրաժեշտ է երրորդ խոշոր կուսակցություն, քանի որ երկու հիմնական կուսակցությունները բավարար չափով չեն ներկայացնում հասարակության շահերը։ 55%-ն ասում է, որ առնվազն որոշ չափով հավանական է քվեարկի երրորդ կուսակցության կամ անկախ թեկնածուի օգտին։ Այդուհանդրձ, ընտրողները կարող են դժգոհ լինել երկու կուսակցություններից, բայց միաժամանակ չցանկանալ իրենց ձայնը տալ թեկնածուի, որը հաղթելու փոքր հնարավորություն ունի։ Այսպես ձևավորվում է քաղաքական փակուղի․ հասարակությունը ցանկանում է այլընտրանք, սակայն ընտրական վարքագիծը շարունակում է վերարտադրել գործող երկկուսակցական համակարգը։
Հայաստան․ նախկինների և ներկաների միջև փակուղի.
Հայաստանի վերջին տասնամյակի քաղաքական մրցակցությունը մեծապես կառուցվել է նախկին և ներկա իշխանությունների հակադրության շուրջ, սակայն այդ հակադրությունը չի սպասարկում հասարակության քաղաքական պահանջարկը։
Քաղաքացիների քաղաքական նախընտրությունները պայմանավորված են ոչ միայն լիբերալիզմով կամ պահպանողականությամբ, այլև անվտանգության, սոցիալական արդարության, ազգային ինքնության, տնտեսական զարգացման, խաղաղության և արտաքին քաղաքականության վերաբերյալ պատկերացումներով, որոնք դրսևորվել են օրինակ “ռուսական գործակալ” կամ “նախկին թալանչի” պիտակներով։
2025 թվականին Հայաստանում իրականացված մեր սոցիոլոգիական հարցումների տվյալներով՝ հարցվածների ավելի քան 75%-ը բացասական էր վերաբերվում նախկին իշխանությունների վերադարձին, իսկ ավելի քան 62%-ը սխալ էր համարում գործող իշխանությունների ներքին քաղաքականությունը։
Երբ հասարակությունը միաժամանակ դժգոհ է գործող իշխանությունից և չի ցանկանում նախկին իշխանությունների վերադարձը, քաղաքական դաշտում առաջանում է նոր այլընտրանքի անհրաժեշտություն։ Բայց այդ հնարավորությունն իրական քաղաքական ուժի վերածելու համար անհրաժեշտ են հանրային վստահություն, համոզիչ օրակարգ և հստակ տարբերակված քաղաքական առաջարկ։
Հայաստանում այդ հնարավորությունը հաճախ չի իրացվում։ Քաղաքական ուժերը շարունակում են մրցակցել միմյանց մերժելու, անցյալի գնահատականների և առաջնորդների շուրջ՝ փոխարենը հասարակությանը ներկայացնելու քաղաքականության նոր օրակարգ և բովանդակություն։
2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացավ ձայների 49.8%-ը, «Ուժեղ Հայաստանը»՝ 23.3%-ը, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 9.92%։
Այսպիսով, թվով երեք քաղաքական ուժ է խորհդրարանում, բայց հասարակության համար իրական երրորդ այլընտրանքը բացակայում է։
Երրորդ այլընտրանքը պարզապես նախկիններին մերժելը կամ ներկաներին քննադատելը չէ։ Այն պետք է առաջարկի քաղաքականության նոր բովանդակություն, հանրային վստահության նոր հիմք և իշխանություն–հասարակություն հարաբերությունների այլ մոդել։
Եթե նոր ուժը չի կարողանում/չկարողանա դուրս գալ արդեն գոյություն ունեցող քաղաքական հակադրությունների շրջանակից, այն կարող է դառնալ գործող համակարգի հերթական մասնակիցը՝ առանց այդ համակարգի տրամաբանությունը փոխելու։
Ամփոփելով՝
ԱՄՆ-ի և Հայաստանի օրինակները ցույց են տալիս, որ ավանդական կուսակցական պատկանելության թուլացումը և նոր այլընտրանքի պահանջարկը առկա քաղաքական համակարգի նկատմամբ հասարակության անհամաձայնության հավաստումն է։
ԱՄՆ-ում քաղաքականապես անկախների 45%-ը չի վերածվում երրորդ ուժի 45% աջակցության։ Հայաստանում էլ նախկին և ներկա իշխանությունների նկատմամբ դժգոհությունը ինքնաբերաբար չի ձևավորում մեկ միասնական այլընտրանքային ընտրազանգված։
Քաղաքականության մեջ հանրային դժգոհությունը ստեղծում է հնարավորության պատուհան, բայց մեծագույն հարց է, թե ո՞վ կարող է օգտվել դրանից։
Հետևաբար քաղաքական ուժերի համար հիմնական մարտահրավերը պարզապես գործող իշխանությանը քննադատելը կամ նախկին իշխանություններից տարբերվելը չէ։ Խնդիրն այն է, թե արդյոք նրանք կարողանում են ձևակերպել այնպիսի համոզիչ հասարակական առաջարկ, որի շուրջ քաղաքացիները պատրաստ կլինեն համախմբվել՝ ոչ միայն դժգոհությունից ելնելով, այլև ապագայի նկատմամբ վստահությամբ։
Արմեն Խաչիկյանը «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրենն է, քաղաքական և ռազմական սոցիոլոգիայի մասնագետ։
Ավարտել է ԵՊՀ-ն, զբաղեցրել ղեկավար պաշտոններ «Բրեվիս» և «Գալաքսի» ընկերություններում, դասավանդել բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Ավելի քան 20 գիտական հոդվածների և հետազոտությունների հեղինակ է, Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի անդամ։
Ծառայել է Արցախի Պաշտպանության բանակում, 2016 թվականի ապրիլին ղեկավարել ԵՊՀ կամավորական ջոկատը։ Պարգևատրվել է ՀՀ ՊՆ և ԵՊՀ մեդալներով։