Ադրբեջանը շարունակում է օկուպացված Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության յուրացման քաղաքականությունը։ Այս անգամ թիրախում է հայտնվել Ամարասի վանքը՝ հայկական հոգևոր, կրթական և մշակութային կարևորագույն կենտրոններից մեկը, որն ադրբեջանական կողմը ներկայացնում է որպես աղվանա-ուդիական ժառանգություն։
Նոյեմբերի 18-ին Ադրբեջանի աղվանա-ուդիական քրիստոնեական համայնքի ներկայացուցիչներն այցելել են Ամարաս, կրոնական արարողություններ անցկացրել և հայտարարել, թե վանական համալիրն իրենց նախնիների ժառանգությունն է։
Համայնքի փոխնախագահ Ռաֆիկ Դանակարին նույնիսկ պնդել է, թե ուդիները շուրջ երկու դար զրկված են եղել Ամարասում աղոթելու հնարավորությունից՝ Հայ առաքելական եկեղեցուն չենթարկվելու պատճառով։
Մինչդեռ Ամարասի հայկական պատմությունը դարերի խորքից է գալիս։ Հայ եկեղեցական ավանդության համաձայն՝ վանքի առաջին եկեղեցին 4-րդ դարում հիմնել է Գրիգոր Լուսավորիչը։ Այստեղ է թաղված նրա թոռը՝ Սուրբ Գրիգորիսը, որի դամբարանը մինչ օրս վանական համալիրի գլխավոր սրբություններից է։
5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասում հիմնել է Արցախի առաջին հայկական դպրոցներից մեկը։ Վանքը դարեր շարունակ եղել է հայոց գրի, կրթության և քրիստոնեական հավատքի պահպանման կարևոր կենտրոն։
Ամարասի նկատմամբ ադրբեջանական հավակնությունները պատահական կամ առանձին դրսևորում չեն։ Նույն մեթոդով Բաքուն փորձում է վերաշարադրել նաև Գանձասարի և Դադիվանքի պատմությունը՝ հայկական եկեղեցիները ներկայացնելով որպես այսպես կոչված «կովկասյան աղվանական» ժառանգություն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր 301-ը, աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչները կրոնական արարողություններ էին անցկացրել նաև Գանձասարում՝ 13-րդ դարի հայկական վանքը ներկայացնելով որպես աղվանական։ Նման պնդումներ են հնչեցվել նաև Դադիվանքի և այնտեղ պահպանված հայկական խաչքարերի վերաբերյալ։
Ավելին, ադրբեջանական պատմական կեղծարարության շրջանակն այլևս չի սահմանափակվում օկուպացված Արցախով։ 301-ն անդրադարձել էր նաև Գեղարդավանքի և Հայաստանի տարածքում գտնվող այլ հայկական հուշարձանների նկատմամբ ադրբեջանական հավակնություններին։
2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակումից և Արցախի հայության բռնի տեղահանումից հետո հայկական եկեղեցիները, վանքերն ու պատմական հուշարձանները մնացել են ադրբեջանական վերահսկողության տակ՝ զրկվելով իրենց պատմական համայնքների անմիջական ներկայությունից ու պաշտպանությունից։
Այս պայմաններում հայկական սրբավայրերի պատմության վերաշարադրումը մտահոգություններ է առաջացնում ոչ միայն դրանց պատկանելության, այլև հետագա պահպանության վերաբերյալ։
Ամարասի շուրջ վերջին զարգացումները ևս մեկ անգամ ընդգծում են, որ Արցախի հայկական ժառանգության դեմ ուղղված քաղաքականությունը շարունակվում է նաև նրա բնիկ հայ բնակչության բռնի տեղահանումից հետո։