Հայ ֆուտբոլային մարզիչ Տիգրան Թադևոսյանը Լոնդոնի Բրենթֆորդ թաղամասի Հայ առաքելական եկեղեցու հետ համագործակցությամբ «Արարատ» ֆուտբոլային թիմի միջոցով մարզումներ է կազմակերպում տեղի հայ համայնքի անդամների համար։ Այս մասին հայտնում է Sportaran-ը։

39-ամյա Թադևոսյանը ծնվել է Երևանում, մեծացել Աթենքում։ Ներկայում նա գլխավորում է Անգլիայի «Նոթս Քաունթի» ֆուտբոլային ակումբի մինչև 21 տարեկանների թիմը։

1862 թվականին հիմնադրված «Նոթս Քաունթին» համարվում է աշխարհի ամենահին գործող պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբը։

Թադևոսյանը մինչև 21 տարեկանների թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2025 թվականի հուլիսին։ Մինչ այդ նա մարզել է նույն ակումբի մինչև 18 տարեկանների թիմը։

Հայ մասնագետն ունի ՈՒԵՖԱ-ի Pro կարգի մարզչական արտոնագիր և ավելի քան տասը տարվա աշխատանքային փորձ Անգլիայում, Հունաստանում ու Լիբանանում։

Իր մարզչական գործունեության ընթացքում նա աշխատել է անգլիական «Բարնեթ», «Ուիմբլդոն», «Շրուսբերի Թաուն» և «Նոթս Քաունթի» ակումբներում։

Թադևոսյանն ավարտել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը և ստացել Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի երիտասարդ ֆուտբոլիստների պատրաստման բարձրագույն մասնագիտական որակավորումներից մեկը՝ Advanced Youth Award-ը։

Լոնդոնում իրականացվող նախաձեռնությունը նպատակ ունի ֆուտբոլի միջոցով համախմբել տեղի հայերին, խթանել համայնքային կապերն ու ստեղծել շփման նոր հնարավորություններ։

Նախաձեռնության շրջանակում Հայ առաքելական եկեղեցին ևս կարևոր դեր է ստանձնել՝ նպաստելով համայնքի անդամների միավորմանը և հայկական միջավայրի պահպանմանը սպորտի միջոցով։