«
«Կանոնակարգման» անվան տակ՝ աշխարհի մի շարք երկրներ սկսում են խստացնել վերահսկողությունը մեդիայի նկատմամբ՝ նշելով ազգային անվտանգությունը, էթիկան կամ ինքնիշխանությունը: Հայաստանը այժմ պատրաստվում է միանալ այս աճող «թվային բռնապետությունների» ակումբին՝ տեսալսողական մեդիային վերաբերող նոր օրենսդրական նախաձեռնությամբ։
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները (ներկայումս՝ հանրային քննարկման փուլում) առաջին հայացքից կարող են թվալ մեդիայի կառավարման պատասխանատու մաս: Այն արգելում է ատելության խոսքը, բռնության հրահրումը և պոռնոգրաֆիան։ Սակայն այս փոփոխությունները ընդլայնում են պետության վերահսկողությունը և օրենքում միտումնավոր անորոշություններ են ներառում, ինչը վտանգում է խոսքի ազատությունը, խմբագրական անկախությունն ու Հայաստանի՝ արդեն իսկ խոցելի մեդիա բազմակարծությունը։
Անորոշությունն իբրև ճնշման գործիք
Նախագծի ամենախնդրային մասերից մեկը դրա լեզվական անորոշությունն է։ Օրենքը նախատեսում է արգելել բովանդակային այնպիսի կոնտենտ, որը «ուղղված է սահմանադրական կարգը բռնի կերպով տապալելուն» կամ «քարոզում է պատերազմ»։ Բայց ո՞վ է որոշելու, թե ինչն է համարվում «պատերազմ քարոզել»։ Արդյոք իշխանությանը քննադատող լուսաբանումները, ընթացիկ կոնֆլիկտների մասին անդրադարձները, կամ քաղաքականության վերաբերյալ հակասական կամ ընդդիմադիր տեսակետները կհամարվե՞ն անընդունելի։
Իհարկե, նման անորոշ ձևակերպումները պատահական չեն՝ դրանք դիտավորյալ են։ Օրենքի նման լեզվական անորոշությունն իշխանություններին հնարավորություն է տալիս օրենքը ընտրողաբար կիրառել և պատժել իրենց գաղափարներին հակասող կոնտենտը արտադրողին, որը օրենքի ձևակերպման անհաստատուն ու անստույգ լինելու հետևանք է: Այս նույն ռազմավարությունն օգտագործվում է բռնապետ ռեժիմներում, որտեղ կառավարությունն «ազգային անվտանգության» պատրվակով ճնշում է ընդդիմությանը։
«Կարգավորողի» Քաղաքականացումը
Օրենքի առանցքային նպատակներից մեկն է՝ ընդլայնել Հեռուստատեսության և Ռադիոյի Հանձնաժողովի (ՀՌՀ) լիազորությունները՝ վերահսկողության նոր մեխանիզմների միջոցով։ Թեև կարգավորող մարմինները կարևոր են ժողովրդավարական մեդիա համակարգերում, խնդիր է առաջանում, երբ այդ մարմինը հանրային շահերը ներկայացնելու փոխարեն սկսում է սպասարկել կառավարությանը։ Սա տանում է թվային բռնապետության:
Իրականում ՀՌՀ-ի անկախությունն արդեն երկար ժամանակ է, ինչ կասկածի տակ է։ Նոր օրենքով հանձնաժողովը կստանա իրավասություն՝ ներքին և արտասահմանյան հաղորդումների արտոնագրերը հաստատելու կամ մերժելու՝ հիմնվելով չափազանց անորոշ չափանիշների, օրինակ՝ «քաղաքացու հոգեբանական վիճակի վրա ազդեցության» կամ «հասարակական վարքի մանիպուլյացիայի» վրա։
Օտար մեդիան՝ ստուգման տակ
Առանձին դրույթով սահմանվում է, որ բոլոր արտասահմանյան տեսալսողական ծրագրերը պետք է նախապես հաստատում ստանան ՀՌՀ-ից՝ հայկական օրենքներին համապատասխանելու համար։ Թեև որոշ երկրներ նման մոտեցում են կիրառում՝ օտար քարոզչությունը կանխելու համար, Հայաստանում այս օրենքը հանձնաժողովին տալիս է գրեթե անսահմանափակ լիազորություն։ Ծրագրերը կարող են արգելվել անգամ սեփականատիրոջ փոփոխության կամ քաղաքական բովանդակության փոփոխման հիմքով։ Սա վերածում է մեդիա դաշտը սահմանափակ համակարգի ու զրկում է քաղաքացիներին բազմակողմանի տեղեկացվածությունից:
Տեղեկատվական հոսքի վերահսկում
Օրենքով նաև խիստ վերահսկողություն է սահմանվում կոնտենտի տարածման վրա: Ըստ դրա, ոչ միայն յուրաքանչյուր նոր պայմանագիր պետք է հաստատվի հանձնաժողովի կողմից, այլև ցանկացած տեխնիկական կամ ընթացակարգային խախտման դեպքում օպերատորների աշխատանքը կարող է դադարեցվել մինչև 30 օրով։
Սա թվային բռնապետության դասական մոդել է, որովհետև երբ վերահսկվում է ենթակառուցվածքը, վերահսկվում նաև ինֆորմացիայի հոսքը։ Ինչպես Ադրբեջանն է խիստ վերահսկողություն պահպանում իր համացանցային ենթակառուցվածքների վրա՝ լռեցնելով ընդդիմադիր ձայները, այնպես էլ շուտով Հայաստանի կառավարությունը կվորդեգրի նման մարտավարություն՝ մոնիտորինգի և պատժի միջոցով վերահսկելու մեդիայի ամբողջական դաշտը:
«Ազգային անվտանգություն» բռնապետական հետևանքներով
Կառավարությունը այս փոփոխությունները արդարացնում է անվանելով դրանք Հայաստանի «տեղեկատվական ինքնիշխանության» մի մաս: Այս արտահայտությունն աշխարհով մեկ օգտագործվում է իշխանական հսկողությունը և վերլուծական լրագրությունը սահմանափակելու, ու դրա հետ մեկտեղ այդ ամենն արդարացնելու համար։
Փաստացի, Հայաստանում անկախ մեդիան ճնշման տակ է, որոշ լրատվամիջոցներ դուրս են մղվել իրենց գրասենյակներից, դատարանները շարունակում են մնալ քաղաքականացված, իսկ քաղաքացիների վստահությունը պետական մարմինների նկատմամբ խիստ նվազում է։ Այս պայմաններում, թույլ և քաղաքական ազդեցությունների ենթարկված մի հանձնաժողովին տալ լայն իրավասություն՝ որոշելու և պատժելու «վնասակար» կոնտենտ արտադրողներին, սպառնում է լռեցնել թե՛ լրագրողներին, թե՛ հասարակությանը։ Այսպիսով, կառավարությունը թվային վերահսկողությունը օգտագործում է՝ հզորացնելու իր իշխանությունը և ճնշելու ընդդիմությանը: