Կրկժանի ազատագրումից անցել է 34 տարի։
Մինչև 1992 թվականի հունվարը Ստեփանակերտի վրա իշխող Կրկժան թաղամասը ադրբեջանական կողմի կարևոր ռազմական հենակետն էր։ Այդ դիրքերից իրականացվող անընդհատ գնդակոծությունները խլել են բազմաթիվ խաղաղ բնակիչների կյանքեր և լուրջ սպառնալիք էին Արցախի մայրաքաղաքի համար։ Կրակակետի չեզոքացումը դարձել էր կենսական անհրաժեշտություն։
Կրկժանի կրակակետերի դեմ գործողությունը սկսվել է 1991 թվականի դեկտեմբերի 26-ին։ Հայ ազատամարտիկները թվաքանակով զգալիորեն զիջում էին, սակայն գործողության ընթացքի վրա վճռորոշ ազդեցություն ունեցան Վարդան Ստեփանյանի ղեկավարած 40 հոգանոց խմբի նախաձեռնած քայլերը։
1992 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հայկական ստորաբաժանումները անցան վճռական հարձակման և կարճ ժամանակում լիովին դուրս մղեցին թշնամուն Կրկժանից։
Սա նոր ձևավորվող վաշտերի և ջոկատների համար նշանակալի ռազմական հաջողություն էր, որը ձեռք բերվեց համատեղ ուժերով և հետևողական պայքարի արդյունքում։ Կրկժանի կրակակետերի ոչնչացմամբ դադարեցվեց այդ ուղղությամբ Ստեփանակերտի գնդակոծումը։