Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հայկ քահանա Սահակյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձել է այսօր եկեղեցու տարածքում տեղի ունեցած միջադեպին։
Նրա խոսքով, իրեն եկեղեցի մուտք գործել չէին խոչընդոտում, սակայն պահանջ էին ներկայացրել, որ պատարագի ընթացքում չհիշատակվի Վեհափառ Հայրապետի անունը։
«Մուտքս չէր խոչընդոտվում, բայց իրենք ուզում էին, որ զեղչվեր Վեհափառ Հայրապետի անունը, իսկ ես չէի կարող այդպիսի պատարագ մատուցել», նշել է քահանան։
Այսօր, երբ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցի էր ժամանել Նիկոլ Փաշինյանը, լրագրողները նկատել էին, որ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը եկեղեցու տարածքում զրուցում էր Տեր Հայկ քահանա Սահակյանի հետ։ Ավելի վաղ՝ Սուրբ Ծննդյան պատարագի օրը, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը հայտարարել էր, որ Տեր Հայկը չի մտնելու եկեղեցի։
Տեր Հայկը ընդգծել է, որ նման պայմանը հակասում է եկեղեցական կանոններին։
«Ես օծվել եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և պարտավոր եմ կատարել Մայր Աթոռի կողմից հաստատված ծեսը։ Հայրապետի անվան զեղչումը կանոնական չէ», ասել է նա։
Քահանան հրաժարվել է նշել, թե ով էր ներկայացրել պահանջը, նշելով, որ պայմանը չի ընդունել և այդ պատճառով պատարագը մատուցել է Մաստարայում՝ հիշատակելով Վեհափառ Հայրապետի և թեմակալ առաջնորդի անունները։ Նա նաև հաստատել է, որ պահանջը կապված էր Նիկոլ Փաշինյանի մասնակցության հետ։
Նշենք, որ ի վերջո Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում պատարագ է մատուցել կարգալույծ քահանան։