Հայ Առաքելական եկեղեցու Կանադահայոց թեմի առաջնորդ Տեր Աբգար Եպիսկոպոս Հովակիմյանը հրապարակային ուղերձ է հղել Հայաստանում ծառայող քահանաներին՝ շնորհակալություն հայտնելով նրանց՝ իշխանությունների կողմից առաջ մղվող, իր բնորոշմամբ, «կեղծ և նենգամիտ բարենորոգության» նախաձեռնություններին չդառնալու գործիք։
«Շնորհակալություն, որ չդարձաք կեղծ ու նենգամիտ բարենորոգության գործիք», — նշել է առաջնորդը՝ դիմելով քահանա հայրերին։
Ուղերձում նա ընդգծել է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայումս կանգնած է ծանր փորձությունների առաջ, երբ «վտանգված է նրա միասնությունը, առկա է պառակտման սպառնալիք, իսկ խռովության ու գայթակղության ալիքները փորձում են խաթարել ներեկեղեցական և ներազգային խաղաղությունը»։
Տեր Աբգար Եպիսկոպոս Հովակիմյանի խոսքով՝ հատկապես Հայաստանում ծառայող հոգևորականների կեցվածքը այս պայմաններում վկայել է ճշմարիտ հովվական ծառայության մասին. «Դուք չխոնարհվեցիք իշխանության պահանջների և ճնշման առջև, չտատանվեցիք, չվախեցաք՝ հավատարիմ մնալով դարերով սրբագործված Ավանդությանը, Հայ Առաքելական Եկեղեցու սկզբունքներին ու կանոններին»։
Առաջնորդը նաև վերահաստատել է հավատարմությունը եկեղեցու հոգևոր առաջնորդին՝ նշելով, որ քահանաները մնացել են հավատարիմ «մեր հոգևոր առաջնորդին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին»։
Անդրադառնալով քահանայական ծառայության էությանը՝ նա հիշեցրել է սուրբ հայրերի ուսմունքը. «Քահանայությունը իրագործվում է երկրի վրա, բայց պատկանում է երկնային կարգերին», ընդգծելով, որ այդ ծառայությունը վեր է մարդկային կարողություններից և իրականացվում է միայն Աստծու շնորհով։
Սրբազան հոր ուղերձն ամբողջությամբ. https://www.facebook.com/share/p/1AXvd2RfAA/?mibextid=wwXIfr