Երեկ Բաքվում պահվող հայ պատանդ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը բանտից ձայնային ուղերձով դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով միջամտել Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով և աջակցել նրանց դեմ ներկայացված մեղադրական եզրակացությունների ու կայացված դատավճիռների ամբողջական հայերեն և ադրբեջաներեն տեքստերը ստանալու հարցում։
Այսօր արձագանքելով Դավիթ Իշխանյանի դիմումին՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հարցականի տակ է դրել նման այցի նպատակը և հայտարարել, որ իր լիազորությունները չեն տարածվում այլ պետության տարածքի վրա։
Մանասյանի հայտարարությունները քննադատության են արժանացել Իշխանյանի ընտանիքի կողմից։
Դավիթ Իշխանյանի որդու՝ Արմեն Իշխանյանի խոսքով՝ ընտանիքը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպել է միայն մեկ անգամ՝ իր հոր՝ ավելի քան երկուսուկես տարի ադրբեջանական գերության մեջ գտնվելու ընթացքում։ Այդ հանդիպումն էլ կայացել է բացառապես ընտանիքի նախաձեռնությամբ։
«Մենք մի քանի հարց բարձրացրինք, և նա խոստացավ պատասխաններ տրամադրել, սակայն մինչ օրս որևէ պատասխան չենք ստացել», ասել է նա։
Արմեն Իշխանյանը նաև նշել է, որ Բաքվում պահվող բոլոր հայ գերիների ընտանիքները պատրաստ են անձամբ մեկնել Ադրբեջան՝ իրենց հարազատներին այցելելու համար։
«Միայն Ռուբեն Վարդանյանի ընտանիքը չէ, որ նման պատրաստակամություն է հայտնել։ Մենք՝ բոլոր գերիների ընտանիքները, նույնպես հայտնել ենք մեր պատրաստակամությունը մեկնելու», ասել է նա։
Նրա խոսքով՝ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բացակայության հետևանքով ընտանիքները չեն կարողանում իրենց հարազատներին սնունդ կամ հիգիենայի պարագաներ ուղարկել, ինչպես նաև զրկված են նրանց պահման պայմանների մասին տեղեկություններ ստանալու հնարավորությունից։
Երեկ հրապարակված իր ձայնային ուղերձում Դավիթ Իշխանյանը հայտարարել էր, որ Բաքվում հայ գերիների դեմ անցկացված դատավարություններն ընթացել են մարդու իրավունքների և միջազգային իրավունքի լուրջ խախտումներով։ Նա ընդգծել էր, որ այդ գործը «ոչ թե 15 անձի դեմ է», այլ «հայ ժողովրդի և հայկական պետականության դեմ»։