Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հայտարարել է, որ «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ն դիզվառելիք է ձեռք բերել շուկայականից զգալիորեն բարձր գնով, ինչի հետևանքով, նրա գնահատմամբ, քաղաքային բյուջեին շուրջ 60 միլիոն դրամի վնաս է հասցվել։
Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2026 թվականի մայիսի 6-ին «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ն ԵԱ-ՄԱԱՊՁԲ-26/25 ծածկագրով մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք է բերել շուրջ 500 հազար լիտր դիզվառելիք՝ մեկ լիտրը 545 դրամ արժեքով։
Նրա խոսքով՝ նույն ժամանակահատվածում լցակայաններում նույն դիզվառելիքի մանրածախ գինը կազմել է 510-520 դրամ, մինչդեռ մեծածախ գները սովորաբար լինում են մոտ 15-20 տոկոսով ավելի ցածր։
«Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել շուրջ 120 դրամ ավելի թանկ գնով», գրել է նա։
Մանուկյանի պնդմամբ՝ միայն այս գործարքի արդյունքում Երևան քաղաքին հասցվել է շուրջ 60 միլիոն դրամի վնաս։
Նա նաև քննադատել է իշխանություններին՝ հայտարարելով.
«Թե՞ բա պայքարում ենք թալանի դեմ, ԹԱԼԱՆՉԻՆԵ՛Ր… Նիկոլ, չփորձվես ասել, որ խաբար չես այս «թալանից»…»։
Այս պահի դրությամբ Երևանի քաղաքապետարանը և «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ն հրապարակային արձագանք չեն տվել հնչեցված մեղադրանքներին։