Ադրբեջանը սկսել է հորատապայթեցման աշխատանքներ Սոթքի ոսկու հանքավայրի օկուպացված հատվածում, որը ադրբեջանական ուժերը զավթել էին 2020 թվականի Արցախի պատերազմից հետո։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պետական AzerGold հանքարդյունաբերական ընկերությունն իրականացրել է առաջին պայթեցումը՝ լայնածավալ հանքարդյունահանման նախապատրաստական աշխատանքների շրջանակում։
Սոթքի զգալի հատվածը օկուպացվել է 2020 թվականի պատերազմից հետո, ինչի հետևանքով Հայաստանը զրկվել է հանքավայրի մի մասի հասանելիությունից։ Հաջորդ տարիներին ադրբեջանական ուժերը բազմիցս կրակ են բացել հայկական կողմից շահագործվող հատվածի ուղղությամբ՝ ստիպելով տարհանել աշխատակիցներին և խաթարելով արտադրությունը։ 2022 թվականի մայիսին հանքի աշխատակիցներից մեկը հրազենային վիրավորում էր ստացել, իսկ 2023 թվականին շարունակվող կրակոցների պատճառով GeoProMining-ը անվտանգության նկատառումներով դադարեցրել էր բաց եղանակով հանքարդյունահանումը։
Հանքավայրը գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի հարևանությամբ և համարվում է Հարավային Կովկասի խոշորագույն ոսկու հանքավայրերից մեկը։ Դրա արդյունաբերական շահագործումը սկսվել է դեռ խորհրդային տարիներին։
Մինչև 2020 թվականի պատերազմը հանքը շահագործում էր Հայաստանում գրանցված, ռուսական կապիտալով GeoProMining Gold ընկերությունը։ Սոթքում արդյունահանված հանքաքարը տեղափոխվում էր Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա՝ վերամշակման համար։ Ընկերության գնահատմամբ՝ 2021 թվականի հունվարի դրությամբ Սոթքի մնացորդային պաշարները կազմել են 47,7 տոննա ոսկի, իսկ հանքի տարեկան արտադրական հզորությունը՝ շուրջ 1,75 մլն տոննա հանքաքար։
Մինչև պատերազմը Սոթքը նաև խոշոր գործատու էր։ 2020 թվականի հոկտեմբերին այնտեղ գրանցված էր 1 654 աշխատակից։ Ադրբեջանի կողմից հանքավայրի մի մասի օկուպացումից հետո զբաղվածությունը կտրուկ նվազել է՝ արդյունահանման ծավալների կրճատմանը զուգահեռ։
AzerGold-ը հայտարարում է, որ 2025 թվականի օգոստոսից իրականացրել է շուրջ 18 000 մետր հորատում և իր վերահսկողության տակ գտնվող հատվածի արդյունահանելի պաշարները գնահատում է 1,03 մլն ունցիա ոսկի։
Ընկերությունն այժմ պատրաստվում է Սոթքի հանքավայրի օկուպացված հատվածի լայնածավալ շահագործմանը: