Մոլեգնող անտառային հրդեհները շարունակում են ավերել օկուպացված Արցախի արևելյան շրջանները՝ ոչնչացնելով անտառներ, արոտավայրեր և պատմական հայկական գյուղեր Ակնայի և Մարտակերտի տարածքներում։ Այն, ինչ սկսվել էր որպես տեղային հրդեհ, այժմ դուրս է եկել վերահսկողությունից։ Իրավիճակն ավելի է սրացնում պատերազմներից մնացած ականների պայթյունները՝ էլ ավելի մեծ վտանգի տակ դնելով ինչպես վայրի բնությունն ու շրջակա միջավայրը։

Վտանգի տակ հայտնված կարևորագույն վայրերից են Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը և Ամարասի վանական համալիրը, որոնք երկուսն էլ խորապես կարևոր են հայ ժողովրդի պատմական և հոգևոր ինքնության համար։ Արցախի մշակույթի նախարարության փոխանցմամբ՝ հրդեհները ներթափանցել են պահպանվող գոտիներ՝ անմիջական վտանգի տակ դնելով շուրջ 100 մշակութային և պատմական հուշարձան։

Հիշեցնենք, որ Արցախը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ 2023 թվականի սեպտեմբերից՝ լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով, որը հանգեցրեց հայ բնիկ բնակչության բռնի տեղահանմանը։ Տեղական կառավարման բացակայության և խիստ սակավ ռեսուրսների պայմաններում հրդեհները մարելու և վնասի ամբողջ ծավալը գնահատելու ջանքերը գրեթե աննկատ են։

Անտառային հրդեհների քարտեզը

Մինչ ադրբեջանական լրատվամիջոցները փորձում են ներկայացնել կատարվողը որպես սովորական անտառային հրդեհ, իրականությունն անհամեմատ վտանգավոր է։ Սա պարզապես բնապահպանական ճգնաժամ չէ․ սա հայ ժողովրդի սրբազան տարածքներում ծավալվող աղետ է՝ սպառնացող վերացնել դարավոր համայնքներ, սրբավայրեր և անփոխարինելի բնապատկերներ։

Մշակույթի նախարարությունը միջազգային ժառանգության և բնապահպանական կազմակերպություններին հղել է անհապաղ կոչ՝ կանխելու հայկական մշակութային ժառանգության անդառնալի կորուստը և պատասխանատվության ենթարկելու այն ուժերին, որոնք վտանգի տակ են դրել այդ ժառանգությունը։