Վիգէն Էօլճեքճյանը, 2020 թվականին Ադրբեջանի կողմից գերեվարված քաղաքացիական անձը, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և պահվում է կյանքի համար վտանգավոր պայմաններում։ Նոյեմբերի 16-ին՝ ավելի քան 45 օր անց իր ընտանիքի հետ ունեցած կարճատև հեռախոսազրույցի ընթացքում, որը նրա առաջին կապն էր այդ ժամանակահատվածում, նա հայտնել է, որ այլևս չի կարողանում քայլել, իրեն մերժել են սայլակ տրամադրել, և իրեն ընդհանրապես որևէ բուժում չի մատուցվում, ինչպես հաստատել է նրա փաստաբանը։
Փաստաբան Լուսիանա Մինասյանի փոխանցմամբ՝ ադրբեջանցիներն արգելել են, որպեսզի Էօլճեքճյանը ստանա իր դեղորայքը—չնայած նրան, որ Վիգէնին տարել են բժշկի մոտ։ Նրա ֆիզիկական վիճակի ծանր վատթարացման պայմաններում նրան թողել են առանց որևէ տեսակի խնամքի։
Էօլճեքճյանը նաև հայտնել է, որ իրեն տալիս են միայն թեյ և հաց՝ առանց որևէ համարժեք սննդի կամ կերակրի։ Նրա փաստաբանը դա բնորոշել է որպես նպատակային քաղցած պահում և անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունք։
Մինասյանը զգուշացրել է, որ բժշկական օգնության մերժումը, սայլակ տրամադրելուց հրաժարումը, դեղորայքին հասանելիությունը արգելելը և սննդից համակարգային զրկումը ստեղծում են Էօլճեքճյանի կյանքի համար ուղիղ սպառնալիք։ Նա պահանջել է շտապ քայլեր՝ ներառյալ անկախ բժշկական զննություն, հումանիտար հասանելիություն, անհրաժեշտ դեղորայք, համապատասխան սնունդ և սայլակ՝ առանց հապաղման։
Էօլճեքճեանը ձերբակալվել էր ադրբեջանական ուժերի կողմից 2020 թվականի նոյեմբերին՝ Արցախյան պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Այդ ժամանակ նա Արցախում աշխատում էր որպեա պայմանագրային աշխատող և ձերբակալվել էր Շուշիում։ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրեցին ռազմական գործողություններին մասնակցելու մեջ՝ մեղադրանքներ, որոնք լայնորեն դատապարտվել են որպես անհիմն և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։ Փակ դատավարությունից հետո, որը խիստ քննադատության արժանացավ մարդու իրավունքների պաշտպանների կողմից, նա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։