Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանին պատասխանատու է ճանաչել 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ընթացքում հայ սպա Հ.Թ.-ի խոշտանգման և սպանության համար՝ եզրակացնելով, որ ադրբեջանցի զինծառայողները նրան անդամահատել և գլխատել են այն բանից հետո, երբ նա վիրավորվել էր և այլևս ի վիճակի չէր պաշտպանել իրեն։

Այս վճիռը, հավանաբար, հետագայում կհիշատակվի Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ իրավական և մարդու իրավունքների քննարկումներում, այդ թվում՝ 2020 թվականի Արցախի պատերազմի, 2022-2023 թվականներին Արցախի շրջափակման և 2023 թվականի սեպտեմբերին Արցախի հայ բնակչության բռնի տեղահանության համատեքստում։

Հ.Թ.-ն (խմբ.՝ Մատաղիսի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, Զինված ուժերի մայոր Հայկ Վահանի Թորոյան), վիրավորվել էր 2016 թվականի ապրիլի 2-ին, երբ ադրբեջանական ուժերը Թալիշի մոտ հարձակվել էին նրա ավտոմեքենայի վրա։ Նա վերապրել էր սկզբնական հարձակումը, սակայն այլևս չէր կարող ինքնուրույն տեղաշարժվել։ Դատարանը հաստատել է, որ նրա ձեռքերը կտրել են, երբ նա դեռ կենդանի էր, իսկ այնուհետև սպանել են՝ գլխատելով։ Դատարանը նաև մերժել է Ադրբեջանի այն պնդումը, թե դեպքը դուրս է եղել նրա իրավազորությունից։

Դատարանը նաև արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում Հ.Թ.-ի ծնողների և քրոջ նկատմամբ՝ հաշվի առնելով նրա մարմնի խեղումը, կտրված գլխի պատկերների տարածումը և ընտանիքի անկարողությունը՝ հուղարկավորության համար վերադարձնելու նրա բոլոր աճյունները։

ՄԻԵԴ-ը Հ.Թ.-ի ծնողներին համատեղ հատուցում է նշանակել 60,000 եվրոյի չափով, նրա քրոջը՝ 30,000 եվրո, ինչպես նաև 14,210 եվրո՝ իրավական ծախսերի և այլ ծախսերի փոխհատուցման համար։