Հոկտեմբերի 4-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնին։
Ուայթ-Քեյնը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 2–3-ին Երևանում անցկացված Աղոթքի երկրորդ նախաճաշին մասնակցելու նպատակով։ Հոկտեմբերի 4-ին նա Մայր Աթոռում մասնակցել է Սուրբ Պատարագին, որից հետո Վեհարանում հանդիպել է Գարեգին Բ-ի հետ։
Մայր Աթոռի հաղորդմամբ՝ Գարեգին Բ-ն ողջունել է Ուայթ-Քեյնի այցը Հայաստան և Սուրբ Էջմիածին՝ այն համարելով հնարավորություն մոտիկից ծանոթանալու աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած երկրի, հայ ժողովրդի և նրա հոգևոր ու մշակութային ժառանգության հետ։
Կաթողիկոսը նաև գոհունակություն է հայտնել նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ հայ հոգևոր առաջնորդների հանդիպման կազմակերպման գործում Ուայթ-Քեյնի ներդրած ջանքերի համար։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են կրոնի և հոգևոր արժեքների դերին, արդարության, համերաշխության և խաղաղության հաստատման գործում հոգևոր առաջնորդների պատասխանատվությանը։
Ուայթ-Քեյնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ տպավորված է Սուրբ Պատարագով և Հայաստանի հարուստ քրիստոնեական ժառանգությամբ՝ այն անվանելով հայ ժողովրդի հավատքի կենդանի վկայություն։
Հանդիպումը տեղի է ունեցել Փաշինյանի իշխանության կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ շարունակվող ճնշումների ֆոնին։
Վերջին ամիսներին իշխանությունների գործողությունները Եկեղեցու դեմ ներառել են հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումներ և կալանավորումներ, բարձրաստիճան եկեղեցականների դեմ գործեր, ինչպես նաև Եկեղեցու ներքին կառավարմանը միջամտելու և Գարեգին Բ-ին հեռացնելու հրապարակային փորձեր։
Փաշինյանն անձամբ բազմիցս թիրախավորել է Կաթողիկոսին և Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարությանը։ Սեպտեմբերին նրա հանձնարարությամբ հրապարակված զեկույցում առաջարկվել էր Գարեգին Բ-ի հեռացումն ու Եկեղեցու կառավարման վերափոխումը։ Մայր Աթոռը փաստաթուղթը որակել էր որպես հակասահմանադրական և հակականոնական միջամտություն Եկեղեցու ներքին կյանքին։
Այս պայմաններում Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականի այցը Մայր Աթոռ և հանդիպումը Գարեգին Բ-ի հետ տեղի են ունենում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իշխանությունների ճնշումների շարունակման ժամանակ։