Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործը դատարանում է. նա մեղադրվում է կնոջ ուղղությամբ 6 կրակոց արձակելու և երեխաներին զենքով սպառնալու մեջ
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի նկատմամբ հարուցված քրեական գործը փոխանցվել է Գորիսի դատարան։ Նա մեղադրվում է Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու, Սյունիքի մարզի Շաքի գյուղում կնոջ վրա կրակելու, նրան դաժան ծեծի ենթարկելու և երկու երեխաների զենքով սպառնալու մեջ։ Գործը մակագրվել է դատավոր Հրաչ Դաջունցին։
Դատական տեղեկատվական «Դատալեքս» համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն՝ Մուսաևը 2026 թվականի սեպտեմբերի 26-ին Իշխանասարի հատվածում ապօրինի հատել է Հայաստանի սահմանը՝ իր հետ ունենալով ինքնաձիգ, զինամթերք և սվին-դանակ։
Քննության տվյալներով՝ օրեր անց նա ներխուժել է Շաքի գյուղի տներից մեկը և հափշտակել հեռախոս, խելացի ժամացույց, կանխիկ գումար, բանկային քարտ և այլ իրեր։ Գույքային վնասը գնահատվել է 26 հազար դրամ։
Հոկտեմբերի 1-ին, երբ ընտանիքի երկու երեխաները վերադարձել են տուն, Մուսաևը, ըստ մեղադրանքի, ինքնաձիգով սպառնացել է նրանց, ստիպել հանձնել հեռախոսները և արգելել դուրս գալ տնից։
Մեղադրական եզրակացության համաձայն՝ երբ տուն է վերադարձել Անի Ավետիսյանը, ադրբեջանցի զինծառայողը բնակարանի ներսում արձակել է վեց կրակոց, որոնցից մեկը դիպել է կնոջ ձախ ազդրին։ Այնուհետև նա, ըստ մեղադրանքի, բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր վնասվածքներ։
Նույն օրը իրավապահները Մուսաևին հայտնաբերել և ձերբակալել են Շաքի գյուղի անասնագոմերից մեկում, որտեղ նա, ըստ քննության, թաքնվել էր դեպքի վայրից փախուստի դիմելուց հետո։
Դեպքը տեղի է ունեցել Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի շարունակական ոտնձգությունների պայմաններում։ 2021 և 2022 թվականներին ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք և մինչ օրս օկուպացված են պահում հայկական տարածքներ։
Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի համար անվտանգության սպառնալիքն այս անգամ հասել է անմիջապես հայկական ընտանիքի տուն։ Ըստ մեղադրանքի՝ երկու երեխաներ իրենց իսկ տանը հայտնվել են զինված ադրբեջանցի զինծառայողի սպառնալիքի տակ, իսկ տուն վերադարձած կինը հրազենային և կյանքի համար վտանգավոր այլ վնասվածքներ է ստացել։