Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 7-ին Երևանում «Restart» հիմնադրամի կազմակերպած «MaskOFF» պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ընդհանրապես Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում չկա։
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ոչ թե առաջնահերթություն չէ, այլ ընդհանրապես մեր օրակարգում չկա», հայտարարել է Փաշինյանը։
Նա նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը բնութագրել է որպես այլ պետությունների կողմից իրենց հարաբերություններում օգտագործվող գործիք՝ կոչ անելով հրաժարվել դրանից։
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում երևույթն ընդամենը ուրիշների ձեռքին վճարամիջոց է այլոց հետ հարաբերություններում։ Մենք պետք է հրաժարվենք», ասել է Փաշինյանը։
Փաշինյանը նախկինում ևս հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից չէ։ Նոյեմբերի 7-ի հայտարարությամբ նա վերահաստատել է այդ դիրքորոշումը՝ ընդգծելով, որ հարցն ընդհանրապես օրակարգում չկա։