Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մերժել է Ադրբեջանի պահանջը՝ Մեծ պալատում վերանայելու 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում հայ զինծառայողի խոշտանգման և սպանության վերաբերյալ վճիռը։ Այսպիսով, հայ դիմումատուների օգտին կայացված վճիռը դարձել է վերջնական։
Ինչպես հայտնել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի նախկին ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը, նոյեմբերի 2-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատի հինգ դատավորից կազմված հանձնախումբը մերժել է Ադրբեջանի՝ գործը Մեծ պալատին փոխանցելու միջնորդությունը՝ անփոփոխ թողնելով հունիսի 18-ին կայացված վճիռը։
«Վ. Տ. և այլք ընդդեմ Ադրբեջանի» գործը վերաբերում է 2016 թվականի ապրիլին Արցախի Թալիշ գյուղի մերձակայքում ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ զինծառայողի խոշտանգմանն ու սպանությանը։
Հունիսի 18-ի վճռով ՄԻԵԴ-ը հաստատել էր, որ ադրբեջանցի զինծառայողները խոշտանգել և ապօրինաբար սպանել են հայ զինծառայողին այն բանից հետո, երբ վերջինս վիրավորվել էր և այլևս ի վիճակի չէր պաշտպանվելու։
Դատարանն արձանագրել էր, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը, որը երաշխավորում է կյանքի իրավունքը, և 3-րդ հոդվածը, որն արգելում է խոշտանգումները, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը։
ՄԻԵԴ-ը նաև հաստատել էր, որ զինծառայողի ծնողներն ու քույրը ենթարկվել են նվաստացնող վերաբերմունքի՝ հաշվի առնելով սպանության առանձնակի դաժանությունը, զինծառայողի մարմնի խեղումը և նրա աճյունի բացակայող մասերը վերադարձնելու անհնարինությունը, ինչի հետևանքով ընտանիքը զրկվել էր պատշաճ հուղարկավորություն կազմակերպելու հնարավորությունից։
Դատարանը պարտավորեցրել էր Ադրբեջանին ընտանիքին վճարել 90 հազար եվրո փոխհատուցում, ինչպես նաև 14 210 եվրո՝ դատական ծախսերի և այլ վճարների համար։
Հունիսին կայացված վճռից հետո Ադրբեջանը դիմել էր ՄԻԵԴ՝ պահանջելով գործը փոխանցել Մեծ պալատ՝ վերանայման նպատակով։ Նոյեմբերի 2-ի մերժմամբ սկզբնական վճիռը դարձել է վերջնական և այլևս չի կարող վերանայվել ՄԻԵԴ-ի Մեծ պալատի կողմից։
Դրմեյանը վճիռը գնահատել է որպես նախադեպային նշանակություն ունեցող որոշում, որը կարող է կարևոր իրավական հիմք ստեղծել 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում հայերի նկատմամբ կատարված խախտումներին առնչվող նմանատիպ գործերի համար։
Նա նաև քննադատել է Ադրբեջանի հակասական մոտեցումը միջազգային դատական կառույցների նկատմամբ՝ ընդգծելով, որ ադրբեջանական իշխանությունները, մի կողմից, հրապարակայնորեն մերժում են ՄԻԵԴ-ի իրավազորությունը և դադարեցրել են համագործակցությունը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հետ, իսկ մյուս կողմից՝ շարունակում են օգտվել դատարանի իրավական ընթացակարգերից՝ իրենց համար անբարենպաստ վճիռները վիճարկելու նպատակով։