Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով մատուցվել է Սուրբ Պատարագ և կատարվել Հայրապետական մաղթանք։

Արարողությանը մասնակցել են Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և ուխտավորներ։ Ընդունված կարգի համաձայն՝ հավատացյալների երկրպագության համար դուրս է բերվել նաև Սկևռայի սրբոց մասանց պահարանը։

Պատարագը մատուցել է Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, որն իր քարոզում անդրադարձել է Գարեգին Բ-ի 27-ամյա գահակալությանը, նրա հոգևոր, մշակութային, կրթական և եկեղեցաշինական գործունեությանը։

«Քսանյոթ տարի… Սա ժամանակի մի մեծ հանգրվան է, որն իր մեջ ամփոփում է ոչ միայն մեկ հայրապետի կյանքն ու ծառայությունը, այլև մեկ ժողովրդի, մեկ սերնդի նորագույն պատմության ամենահուզումնալից, վերելքներով ու հավատի հաղթանակներով լի շրջանը», նշել է եպիսկոպոսը։

Նրա խոսքով՝ Գարեգին Բ-ն Հայոց Հայրապետական Աթոռը ստանձնել է Հայաստանի անկախության վերականգնմանը հաջորդած դժվարին ժամանակաշրջանում, իսկ անցած 27 տարիները նշանավորվել են շարունակական ծառայությամբ և Հայ Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներով։

Անդրադառնալով վերջին տարիների պատերազմներին, տնտեսական դժվարություններին, ինչպես նաև հոգևոր և քաղաքական ցնցումներին՝ Մուշեղ եպիսկոպոսը շեշտել է, որ Կաթողիկոսը շարունակում է կրել իր պատասխանատվությունը՝ աղոթելով ժողովրդի բարօրության, հայրենիքի խաղաղության և Եկեղեցու միասնության համար։

«Չնայած պատերազմներին, տնտեսական դժվարություններին, հոգևոր ու քաղաքական ցնցումներին՝ Հայրապետն անխոնջ կերպով իր ուսերին կրում է պատասխանատվության այս խաչը՝ աղոթելով ժողովրդի բարօրության, հայրենիքի խաղաղության և եկեղեցու միասնության համար», հայտարարել է նա։

Եպիսկոպոսը նաև ընդգծել է Գարեգին Բ-ի ծառայության նշանակությունը՝ այն բնորոշելով որպես «քսանյոթ տարվա հայրապետական խաչ՝ ի սպաս ժողովրդի, աստվածային հանձնառության իրագործում՝ գործով ու կյանքով»։

Քարոզի ավարտին Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկաներին հորդորել է միասնական աղոթք բարձրացնել Հայ Եկեղեցու ամրության, Հայաստանի խաղաղության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առողջության ու երկարամյա ծառայության համար։

Սուրբ Պատարագից հետո Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվել է Հայրապետական մաղթանք՝ Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հանդիսապետությամբ։

Արարողության ընթացքում հոգևորականներն ու հավատացյալներն աղոթել են Ամենայն Հայոց Հայրապետության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և պայծառության, ինչպես նաև Գարեգին Բ-ի քաջառողջության և բազմամյա գահակալության համար։

Գարեգին Բ-ն Ամենայն Հայոց Կաթողիկոս է ընտրվել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, իսկ նրա օծման և գահակալության արարողությունը տեղի է ունեցել նույն թվականի նոյեմբերի 4-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։