Նիկոլ Փաշինյանը հրապարակավ աջակցություն է հայտնել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին՝ հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքից հետո։ Նա արդարացրել է նաև ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի կողմից ընդդիմադիրների ուղղությամբ աթոռ նետելը։

«Դատապարտում եմ բռնությունը, բայց աջակցում եմ ՔՊ խմբակցության այսօր ձեռնարկած միջոցառումներին», հայտարարել է Փաշինյանը՝ տեղի ունեցածի պատասխանատվությունը բարդելով ընդդիմության վրա։

Անդրադառնալով Վահագն Ալեքսանյանի գործողություններին՝ նա հավելել է. «Աթոռով է, թե ինչով է՝ համարժեք է և ճիշտ է»։

Հոկտեմբերի 29-ին խորհրդարանում ծեծկռտուքը սկսվել է ՔՊ պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ։ Չախոյանը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հասցեին՝ անդրադառնալով նաև նրա ընտանիքի անդամներին։

Բանավոր վիճաբանությունն արագ վերածվել է հրմշտոցի, ապա զանգվածային ծեծկռտուքի, որի ընթացքում պատգամավորները միմյանց հարվածել են բռունցքներով և ոտքերով։

Նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սկզբում հրաժարվել է ընդմիջում հայտարարել՝ պատճառաբանելով, որ ցանկանում է՝ բոլորը տեսնեն տեղի ունեցողը։ Միայն իրավիճակի սրումից հետո է նիստն ընդմիջվել։

Անվտանգության աշխատակիցները միջամտել են ծեծկռտուքի թեժացումից հետո։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ նիստերի դահլիճից հեռացվել են բացառապես «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները, մինչդեռ իշխող ՔՊ-ի ներկայացուցիչները մնացել են դահլիճում։

Այսպիսով, մի կողմից հայտարարելով, թե դատապարտում է բռնությունը, Փաշինյանը միաժամանակ պաշտպանել է սեփական կուսակցության պատգամավորների գործողությունները՝ անգամ աթոռի կիրառումը որակելով որպես համարժեք և ճիշտ քայլ։

Նրա հայտարարությունները լուրջ հարցեր են առաջացնում քաղաքական բռնության նկատմամբ իշխանությունների որդեգրած երկակի չափանիշների վերաբերյալ, երբ ընդդիմության գործողությունները դատապարտվում են, իսկ իշխող ուժի ներկայացուցիչների բռնի վարքագիծը ստանում է հրապարակային արդարացում։