Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կոչ է արել Հայաստանին հեռացնել Ռուսաստանի գլխավորած ռազմաքաղաքական դաշինքից՝ մեղադրելով Երևանին կազմակերպության աշխատանքը խոչընդոտելու, դրա գործունեությանը չմասնակցելու և անդամավճարները չվճարելու մեջ։

Հոկտեմբերի 28-ին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Բորդյուժան հայտարարել է, որ Հայաստանի շարունակական անդամակցությունը բարդացնում է ՀԱՊԿ-ի որոշումների ընդունման գործընթացը, քանի որ դրանք կայացվում են անդամ պետությունների համաձայնությամբ։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է կամ պաշտոնապես դուրս գա կազմակերպությունից, կամ հեռացվի դրա կազմից։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին բացառել է ՀԱՊԿ-ի գործունեությանը Հայաստանի մասնակցության վերականգնումը՝ ընդգծելով, որ կազմակերպության պաշտոնյաների ճնշումները չեն կարող փոխել Երևանի դիրքորոշումը։

Հայաստանը 2024 թվականին սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին այն բանից հետո, երբ կազմակերպությունը համարժեք արձագանք չի տվել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ իրականացված հարձակումներին։ Չնայած դաշինքի անվտանգության պարտավորությունների վերաբերյալ Երևանի բազմիցս հնչեցրած քննադատություններին և մասնակցության դադարեցմանը՝ Հայաստանը պաշտոնապես չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։

Բորդյուժայի հայտարարությունը հնչել է նոյեմբերի 11-ին Մոսկվայում նախատեսված ՀԱՊԿ-ի նիստից առաջ, որի ընթացքում հնարավոր է քննարկվի նաև կազմակերպությունից Հայաստանի հեռացման հարցը։