ՔԿՀ-ում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Նախնական տեղեկություններով՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է։ Գևորգյանը կալանավորվել էր հոկտեմբերի 21-ին՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններից ընդամենը չորս օր առաջ։ Կալանքից երեք շաբաթ էլ չանցած՝ նա մահացել է քրեակատարողական հիմնարկում։
Հոկտեմբերի 21-ին Փաշինյանի իշխանության իրավապահ մարմինները խուզարկություններ էին իրականացրել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և աջակիցների նկատմամբ, ինչի հետևանքով ձերբակալվել էր 14 անձ։ Հակակոռուպցիոն դատարանը Գևորգյանի նկատմամբ ընտրակաշառքի ենթադրյալ դեպքի առնչությամբ երկամսյա կալանք էր կիրառել։
Կուսակցությունը մերժել էր մեղադրանքները՝ դրանք որակելով քաղաքական հետապնդում։ «Ուժեղ Հայաստանը» Փաշինյանի իշխանությանը մեղադրել էր իրավապահ և դատական համակարգերը ընտրություններին միջամտելու և քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ճնշումներ գործադրելու նպատակով օգտագործելու մեջ։ Կուսակցությունը հետագայում վիճարկել էր ընտրությունների արդյունքները՝ պահանջելով անվավեր ճանաչել քվեարկությունը։
Գևորգյանի մահը հաջորդել է Փաշինյանի իշխանության կողմից ընդդիմության նկատմամբ ճնշումների և քրեական հետապնդումների նոր ալիքին։ Նոյեմբերի 4-ին իրավապահները խուզարկություններ էին իրականացրել 65 հասցեներում, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի հետ կապված տարածքներում։
Սա Փաշինյանի իշխանության օրոք կալանքի տակ գտնվող ընդդիմադիր գործչի մահվան առաջին դեպքը չէ։
2019 թվականի հունվարին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 44-օրյա հացադուլից հետո սրտի կաթվածից մահացել էր ընդդիմադիր գործիչ Մհեր Եղիազարյանը։
2022 թվականի հուլիսին Փաշինյանի կոշտ քննադատ Արմեն Գրիգորյանը շուրջ երկու ամիս նախնական կալանքի տակ գտնվելուց հետո կորցրել էր գիտակցությունն ու մահացել դատարանի դահլիճում՝ դատական նիստի ընթացքում։
Երկու դեպքերն էլ լուրջ հարցեր էին առաջացրել կալանավորված անձանց պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու վերաբերյալ։
Արսեն Գևորգյանի մահը կրկին հարցեր է առաջացնում Փաշինյանի իշխանության օրոք կալանավորված ընդդիմադիր գործիչների նկատմամբ վերաբերմունքի շուրջ։