Արամեերեն արձանագրությունը, որը հայտնաբերվել է Արդահան նահանգի գյուղերից մեկում (ներկայիս Թուրքիայի հյուսիսարևելքում, պատմականորեն՝ Մեծ Հայքի տասներեքերորդ նահանգ Գուգարքում), փոխանցվել է Կարսի հնագիտության և ազգագրության թանգարան՝ մանրամասն ուսումնասիրության համար։ Սա տարածաշրջանում՝ Կարսի և Արդահանի շրջաններում, հայկական պատմության հետ կապված նման տեսակի առաջին փաստագրված արձանագրությունն է։
Նախնական ուսումնասիրությունները հաստատում են, որ տեքստը գրված է արամեերեն՝ հին Մերձավոր Արևելքում, այդ թվում նաև հայկական թագավորական ու վարչական միջավայրում լայնորեն գործածված լեզվով։
Սկզբնական տվյալները վկայում են Արտաշեսյան արքայատոհմի կապի մասին:
Մասնագետները սկսել են պատրաստել տեքստի ընթեռնելի տրանսկրիպցիա։
Առաջին մեկնաբանությունները մատնանշում են Արտաշես արքայի անունը, ինչը արձանագրությունը կապում է վաղ Արտաշեսյան շրջանին։ Թեպետ այդ անունը կրել են մի քանի թագավորներ, հիշատակությունը, ամենայն հավանականությամբ, վերաբերում է դինաստիայի ամենավաղ հայտնի հայ կառավարիչներից մեկին։
Հետազոտողները ենթադրում են, որ արձանագրությունը կարող է արտացոլել տարածաշրջանի քաղաքական և տարածքային զարգացումները՝ Սելևկյանների ազդեցության թուլացման ու հայկական իշխանության ամրապնդման ժամանակաշրջանում։