Նոյեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը հրապարակել է հայտարարություն՝ 10 եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների անունից․
• Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյան
• Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան
• Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան
• Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
• Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյան
• Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան
• Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան
• Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
• Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյան
• Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան։
Այս հոգևորականների խումբը հանդես է եկել ուղղակի կոչով՝ պահանջելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Նորին Սրբություն Գարեգին Երկրորդի հրաժարականը՝ այսպիսով վերջնական փուլ մտցնելով Նիկոլ Փաշինյանի և իր շրջապատի կողմից ՀԱԵ-ի վրա հարձակումը։
Բայց ինչի՞ց և ինչպե՞ս սկսվեց այս հարձակումը։
2025 թվականի մայիսի 22-ին Կովկասի մուսուլմանների գրասենյակի նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարում է, որ հայկական եկեղեցին մեծ սպառնալիք է ներկայացնում Հայաստանին հարևան բոլոր տարածաշրջանային երկրների համար։
Մայիսի 27-ին եւ 28-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում տեղի է ունենում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի եւ Շվեյցարիայի բողոքական եկեղեցու կազմակերպած «Հայկական ժառանգության համաժողովը», որի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրաձայնում է Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումների և Արցախի քրիստոնեական ժառանգության ոչնչացման մասին։
Մայիսի 30-ին տեղի ունեցած կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը սկսում է իր հարձակումը՝ եկեղեցիները անվանելով «չուլանացած»։ Նույն օրը Փաշինյանի զուգընկերուհին ֆեյսբուքյան գրառում է կատարում, որտեղ մասնավորապես գրել էր. «Դե, իհարկե, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ չուլանները սև սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են։ Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը, վաղուց արդեն համակերպված, իր ուսերի վրա քարշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին»։ (Խմբ. Մինչ օրս ոչ մի ապացույց չի ներկայացվել)։
Նույն օրը Փաշինյանն իրեն թույլ է տալիս աննախադեպ լկտիություն և բարոյական նորմերի բացարձակ անտեսում և իր պաշտոնական ՖԲ էջում գրում է․ «Սրբազա՛ն, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես» (խմբ. ակնարկելով Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին)։ Այնուամենայնիվ, հետագայում հանրային ճնշման ներքո Փաշինյանը հանրայնորեն ներողություն է խնդրում։
Հունիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունենում Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Հայաստանի և Սփյուռքի եպիսկոպոսների մասնակցությամբ։
Մայր Տաճարում քննարկվում են տարբեր հարցեր, այդ թվում՝ հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները, Եկեղեցի-պետություն հարաբերությունները և հանրային հետաքրքրություն ներկայացնող այլ հրատապ հարցեր։
Արդեն հունիսի 6-ին Նիկոլ Փաշինյանն ակտիվացնում է իր հրապարակային արշավը Հայ Առաքելական Եկեղեցու և Գարեգին Բ Կաթողիկոսի դեմ՝ լուրջ մեղադրանքներ առաջադրելով և Եկեղեցու ղեկավարության ամբողջական փոփոխության կոչ անելով։ Հակապետական հայտարարության մեջ Փաշինյանը Կաթողիկոսին մեղադրում է կուսակրոնության վանական ուխտը խախտելու և երեխա ունենալու մեջ և խոստանում է հաստատել այդ պնդումը, եթե այն վիճարկվի (խմբ. մինչ օրս ոչ Փաշինյանը, ոչ նրա որևէ թիմակից չի ներկայացրել գեթ մեկ ապացույց)։
Փաշինյանի խոսքով՝ նման խախտումը Գարեգին Բ-ին կզրկեր Եկեղեցու կանոնական իրավունքին համապատասխան եպիսկոպոսի կամ կաթողիկոսի պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ «Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա Մայր Աթոռից», — հայտարարել էր նա՝ կոչ անելով ընտրել նոր Կաթողիկոս, որի բարոյական նկարագիրը նախապես կստուգվեր Փաշինյանի կողմից (խմբ. հետայսու Փաշինյանը Վեհափառ Հայրապետին սկսում է դիմել միայն ավազանի անունով՝ Կտրիճ Ներսիսյան)։
Հունիսի 11-ի երեկոյան ժամերից սկսած հարյուրավոր քաղաքացիներ շարժվում են դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին, ով վերադառնում է Հայաստան այդ գիշեր։
Հունիսի 17-ին «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, Հայ գործարարների միության նախագահ Սամվել Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբ. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, Հայ Եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է Հայ Եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ Հայոց Եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու Եկեղեցու դեմ արշավին»՝ դրանով իր լիակատար աջակցությունը հայտնելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ երկրի քաղաքական ղեկավարության հետ սրվող հարաբերությունների ֆոնին։
Դրանից հետո Փաշինյանը հարձակում է սկսում Սամվել Կարապետյանի դեմ, և արդեն հունիսի 19-ին՝ Փաշինյանի հրահանգով, նա կալանավորվում է։
Հունիսի 24-ին իշխանական լրատվամիջոցները հանրային դաշտ են նետում այսպես կոչված «հեղաշրջման պլանը», որի մեջ, բացի այլոց, նշված էին նաև Սամվել Կարապետյանի և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունները։
Հունիսի 25-ին ձերբակալվում, ապա կալանավորվում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և նրա 17 համախոհները։
Հունիսի 27-ին ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները ներխուժում են Մայր Աթոռի տարածք, որտեղ ընթանում էր քահանայաց ժողովը, որի ատենապետն էր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Դիմակավորված անձինք շրջափակում են նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Կիրառվում է բիրտ ֆիզիկական ուժ։ Բիրտ ուժի կիրառմամբ և առանց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ներկայության խուզարկվում է նաև Շիրակի թեմի առաջնորդարանը։ ԱԱԾ և ոստիկանության ուժերի կողմից ջարդվել և դեն է նետվել նշխարհը։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ինքնակամ ներկայանում է ՀՀ քննչական կոմիտե, իսկ արդեն ամսի 28-ին նա ևս ձերբակալվում և կալանավորվում է։
Հուլիսի 8-ին Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտում է Փաշինյանի կառավարության հարձակումը ՀԱԵ-ի վրա։
Հուլիսի 10-ին ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը (խմբ. Նոյեմբերի 29-ին Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը միացել է Վեհափառ Հայրապետի հրաժարականի պահանջին)՝ Սամվել Կարապետյանին սատարելու համար ազատվում է զբաղեցրած պաշտոնից։
Մեկամսյա հաշվարկված լռությունից հետո՝ օգոստոսի 28-ին, Նիկոլ Փաշինյանը և իր ռեժիմը վերսկսում են իրենց հարձակումը Հայաստանի Առաքելական Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի դեմ։
Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնում է Վատիկան՝ հանդիպում Հռոմի Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապի հետ, որտեղ հերթական անգամ բարձրաձայնում է Ադրբեջանի գործած հանցագործությունների մասին։
Սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի այն ժամանակվա հոգևոր հովիվ Տ. Արամ քահանա Ասատրյանը (խմբ. այժմ կարգալույծ արված նախկին քահանա Ստեփան Ասատրյան) հարցազրույց է տալիս Հանրային հեռուստաընկերությանը, որը, ըստ Արագածոտնի թեմի մամլո դիվանի, ծառայել է իշխանության նախաձեռնած հակաեկեղեցական արշավին և նպատակ ունեցել է վարկաբեկել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Հատկանշական է, որ մինչ Հանրային գնալը, Ստեփան Ասատրյանն արդեն հասցրել էր իր ՖԲ էջում մի քանի հակաեկեղեցական գրառումներ անել։
Հոկտեմբերի 3-ին քաղբանտարկյալ, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվում է երկու տարվա ազատազրկման։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 24-ին, դատարանը նրան մեղավոր էր ճանաչել Հայաստանի Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «իշխանության զավթման կոչեր» հնչեցնելու մեղադրանքով։
Հոկտեմբերի 9-ին իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկու պատգամավորներ՝ Թագուհի Ղազարյանը և Սիսակ Գաբրիելյանը, Ազգային ժողով են ներկայացրել օրինագիծ, որի համաձայն պիտի փակվի «Շողոթակ» հեռուստաալիքը։
Հոկտեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հաղորդագրություն է տարածում, որ մի խումբ բարձր աստիճանի հոգևորականներ՝ Արժ. Տ. Փառեն քահանա Առաքելյանը, Արժ. Տ. Հայկ քահանա Քոչարյանը, Արժ. Տ. Մկրտիչ քահանա Երանյանը, Արժ. Տ. Մանուկ քահանա Զեյնալյանը, Արժ. Տ. Ղևոնդ քահանա Գափոյանը, Արժ. Տ. Հայկ քահանա Սահակյանը, Արժ. Տ. Սարգիս քահանա Սարգսյանը, Արժ. Տ. Գարեգին քահանա Արսենյանը, Արժ. Տ. Նարեկ քահանա Սարգսյանը, Արժ. Տ. Օշին քահանա Հայրապետյանը, Տ. Վրթանես քահանա Բաղալյանը, Արժ. Տ. Համբարձում քահանա Դանիելյանը, ինչպես նաև Արագածոտնի թեմի հաշվապահը, գանձապահը և գործավարը, ինչպես նաև թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը, այս պահին գտնվում են Երևանի քննչական վարչությունում։
Հոկտեմբերի 16-ին կալանավորվում են ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը, Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գարեգին Արսենյանը (ով նաև թեմի դիվանապետն է), ինչպես նաև թեմի հաշվապահը։
Հոկտեմբերի 21-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվում Տ. Արամ քահանա Ասատրյանը (խմբ. Ստեփան Ասատրյան)։
Հոկտեմբերի 22-ին հարցաքննության է հրավիրվում Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Հարցաքննության կանչելուց մեկ օր առաջ իշխանական ԶԼՄ-ները դաշտ են նետում ձայնագրություններ Տեր Աղանի հետ։ Նույն օրը Փաշինյանը հայտարարում է, որ Հովհաննավանքը, ինչպես նաև մի շարք այլ եկեղեցիներ և վանքեր գտնվում են Կառավարության հաշվեկշռում և ՀԱԵ-ին տրված են անհատույց օգտագործման իրավունքով, ինչը սակայն Կադաստրի կոմիտեի նախագահը հերքում է՝ հաստատելով, որ Հովհաննավանքը և շուրջ 700 շինություն սեփականության իրավունքով պատկանում են ՀԱԵ-ին։
Հոկտեմբերի 23-ին Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ևս մեկ անգամ դատապարտում է Փաշինյանի և նրա թիմի հարձակումները ՀԱԵ-ի վրա։
Հոկտեմբերի 26-ին կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը, ում Հայ Առաքելական Եկեղեցին պաշտոնապես զրկել էր հոգևոր աստիճանից 2025 թվականի հոկտեմբերի 21-ին, կատարում է չարտոնված «պատարագ» Հովհաննավանքի վանքում, որին մասնակցում են Փաշինյանն ու իր թիմի անդամները։ Հատկանշական է, որ մինչ այդ Փաշինյանը չէր մասնակցում որևէ պատարագի։
Հոկտեմբերի 28-ին Ստեփան Ասատրյանը փոխում է Հովհաննավանքի կողպեքները և խոչընդոտում է հոգևորականների մուտքը վանքի տարածք։
Հոկտեմբերի 30-ին Մայր Աթոռը հայտարարում է, որ Հովհաննավանքը բռնազավթվել է Ստեփան Ասատրյանի և ոստիկանության կողմից։
Նոյեմբերի 3-ին, իշխող ՔՊ-ի արբանյակ Հանրապետություն կուսակցության Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի հաղորդման հիման վրա ձերբակալվում և ապա կալանավորվում են Վեհափառ Հայրապետի եղբայրը և եղբորորդին։
Նույն օրը Երուսաղեմի Հայ Պատրիարքարանը այսօր հանդես է գալիս հայտարարությամբ՝ արտահայտելով իր լիակատար համերաշխությունը Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականությանը։
Նոյեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտնում է, որ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացած Տավուշի թեմի հոգևորական Տ. Տարոն Հունանյանը զրկվել է քահանայական աստիճանից։
Նոյեմբերի 11-ին լույս տեսած հարցումները ևս մեկ անգամ հաստատում են, որ չնայած կառավարության շարունակական արշավին Հայ Առաքելական Եկեղեցու դեմ՝ հասարակության վստահությունը այս հաստատության նկատմամբ մնում է Հայաստանի ամենաբարձր մակարդակներից մեկը՝ մոտ 70%։
Նոյեմբերի 14-ին Երևանում տեղի է ունենում Փաշինյանի կնոջ թիմի կողմից կազմակերպված «Աղոթքի նախաճաշ», որի ընթացքում միջազգային կրոնական առաջնորդներն ու մարդու իրավունքների պաշտպանները ուղղակի կոչով դիմում են Հայաստանի իշխանություններին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Հայ Առաքելական Եկեղեցու կալանավորված հոգևորականներին։ «Աղոթքի նախաճաշի» մասնակիցները նաև առանձին հանդիպում են ունենում Վեհափառ Հայրապետի հետ։
Նոյեմբերի 16-ին Վաղարշապատում տեղի են ունենում ՏԻՄ ընտրություններ, որտեղ հաղթում է իշխող ՔՊ-ն, որից հետո Փաշինյանը հայտարարում է, որ ընտրության արդյունքները կարևոր լիցք տվեցին․ «մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին»։
Դեկտեմբերի 1-ին և 2-ին, համապատասխանաբար, ՀԱԵ Տավուշի և Արագածոտնի թեմերի հոգևորականաց դասը հայտարարություններ են տարածում Մայր Աթոռին և Վեհափառին իրենց հավատարմության մասին։
Նույն օր ՀԱԵ դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը մամուլի ասուլիս է տալիս, և հայտարարում, որ ոչ մի նահանջ կամ սադրանքների հանդեպ զիջում ՀԱԵ-ն չի դիտարկվում։ Լրագրողների հետ զրույցում նա նշում է, որ չի բացառվում հակաթոռ կազմավորման հնարավորությունը, եթե զարգացումները դրան տանեն։
Դեկտեմբերի 1-ին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհուրդը հայտարարում է, որ չի կիսում Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի վարքագիծը։
Դեկտեմբերի 2-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի տնօրինությամբ, Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանը զրկվել է քահանայական աստիճանից։ Սկսած այս պահից, նա կդասվի աշխարհիկների շարքին՝ Արամայիս Թախմազյան ավազանի անունով։
Դեկտեմբերի 4-ին, ակնհայտ քաղաքական դրդապատճառներով, ձերբակալվում և ապա կալանավորվում է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Նրան համացանցում տարածված տեսանյութի գործով հրավիրել էին հարցաքննության։ Սակայն երբ հարցաքննությունն ավարտվել է, և արքեպիսկոպոսը ցանկացել է լքել շենքը, նրան դիմավորել են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները՝ հայտնելով քննիչի՝ ձերբակալման որոշման մասին։ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը մեղադրվում է թմրամիջոց ապօրինի իրացնելու մեջ։ Ավելի վաղ, իշխանական ԶԼՄ-ները սեռական բնույթի կեղծ տեսանյութեր էին տարածել նրա մասին, որոնց իսկությունը հետագայում հերքել է նաև Քննչական կոմիտեն։
Նույն օրը ՀԱԵ բարձրաստիճան մի շարք հոգևորականներ հանդես են գալիս հայտարարությամբ՝ ի հավատարմության Մայր Աթոռին և Վեհափառ Հայրապետին:
Դեկտեմբերի 7-ին՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցին, Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ-ի «ջանքերով» դատարկվում է Գյումրիի «Յոթ վերք» եկեղեցին, որտեղ աշխարհիկ և հոգևոր օրենքների խախտումներով անցկացվում է հերթական հակաքրիստոնեական ծեսը։
Դեկտեմբերի 6-ին՝ ի աջակցություն և ի զորակցություն ՀԱԵ-ի, հանդես է գալիս Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Սրբոց Յակոբեանց միաբանական ժողովը։
Դեկտեմբերի 7-ին՝ ի աջակցություն ՀԱԵ-ի, հանդես է գալիս նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն։
Նույն օրը հետաձգվում է ավելի վաղ հայտարարված եպիսկոպոսաց ժողովը։
Դեկտեմբերի 17-ին Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացած 10 բարձրաստիճան հոգևորականները հայտարարում են, որ դեկտեմբերի 18-ին մտադիր են գնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ պաշտոնապես պահանջելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը։
Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում Կաթողիկոսի հրաժարականի պահանջով անցկացված բողոքի ակցիան ավարտվում է ակնհայտ ձախողմամբ։ Սակայն Մայր Տաճարի վրա հարձակման ընթացքում սրտի կաթված է ստանում Տ. Վրթանես Բաղալյանը։
Դեկտեմբերի 19-ին, Հայ Առաքելական Եկեղեցու շրջանակներում իրենց պարտականություններին անհամատեղելի գործողությունների հետևանքով, երեք բարձրաստիճան հոգևորականներ հեռացվում են Գերագույն հոգևոր խորհրդի կազմից՝ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Բալթյան երկրների հայկական թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը և Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
Դեկտեմբերի 20-ին՝ Սուրբ Ծննդյան նախաշեմին, շուրջ մեկ տարի տևած հիմնանորոգումից հետո հանդիսավոր կերպով վերաբացվում է Իրաքի մայրաքաղաք Բաղդադի Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին։
Վերաբացման արարողությունը տեղի է ունենում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնությամբ և Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանի առաջնորդությամբ։
Դեկտեմբերի 31-ին՝ հարկատուների վճարած հարկերով աշխատող Հանրայինը հերթական անգամ չի ցուցադրում Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը։
Նույն օրը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում նախատեսված Նռնօրհնեքի կարգի կատարումը խոչընդոտվում է Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի և տեղի նախկին՝ կարգալույծ հոգևորական Արամայիս Թախմազյանի կողմից։
Հունվարի 4-ին Նիկոլ Փաշինյանը, տասը բարձրաստիճան հոգևորականների հետ միասին, սրում է իր հարձակումը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ՝ վերսկսելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի «պաշտոնանկության» և Եկեղեցու ներսում «բարեփոխումների» գործընթացի պաշտոնական մեկնարկի պահանջները։
Հունվարի 7-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը պաշտոնապես հերքում է իշխանական CIVIC պարբերականում իր վերաբերյալ «գաղտնազերծված» փաստաթղթերի իսկությունը։
Նույն օրը պարզ է դառնում, որ մոտ ապագայում կհրավիրվի Հայ Առաքելական Եկեղեցու Ազգային եկեղեցական ժողով։
Հունվարի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Տեղապահ է նշանակվել Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, գումարվում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում որոշվում է անցկացնել Եպիսկոպոսաց ժողով։
Հունվարի 14-ին, ակնհայտ կեղծ և շինծու գործով, հարցաքննության է կանչվում Մայր Աթոռի արխիվի և թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը։
Հունվարի 16-ին Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, խախտելով ՀՀ Սահմանադրությունն ու մի շարք օրենքներ, դատի է տալիս Մայր Աթոռին՝ պահանջելով վերականգնել իրեն իր նախկին պաշտոնում։ Դատարանը, նույնպես անհարգալից վերաբերմունք դրսևորելով օրենքների ու Սահմանադրության նկատմամբ, որոշում է Սարոյանին վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի կայացումը։
Նույն օրը ՀԱԵ ԱՄՆ Արևմտյան հայոց թեմը հրապարակել է արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանի (խմբ. մինչ այդ պահը Տերտերյանը հրաժարվում էր մեկնաբանել այս թեման) հայտարարությունը, որտեղ նա ներկայացնում է իր որոշումը՝ միանալ Նիկոլ Փաշինյանին «եկեղեցական բարեփոխումների» անվան տակ ՀԱԵ դեմ արշավին։
Հունվարի 19-ին պարզ է դառնում, որ եպիսկոպոսաց ժողովը գումարվելու է Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Եսայի քահանա Արթենյանը՝ նշելով, որ դա արվում է՝ իշխանությունների կողմից ժողովը չխաթարելու նպատակով։
Հունվարի 20-ին՝ իր Սուրբ Ծննդյան ուղերձում, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը վերահաստատում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի անխախտ կապը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ և հստակորեն իր զորակցությունն է հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Նույն օրը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, Գերաշնորհ Տ. Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը ազատվում է Գեղարքունյաց թեմի առաջնորդի պաշտոնից և նշանակվում է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդ։ Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ՝ Հոգեշնորհ Տ. Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը (խմբ. վերջինս նույնպես իր աջակցությունն էր հայտնել Փաշինյանին և նրան միացած 10 բարձրաստիճան հոգևորականներին) հայրապետական տնօրինությամբ ազատվել է իր պաշտոնից։