1980–1988 թվականների Իրանա-իրաքյան պատերազմի ընթացքում զոհված իրանահայ զինծառայողների հիշատակին նվիրված ցուցահանդես է բացվել Թեհրանի «Մարյամ-է Մողադդաս»՝ «Օրհնյալ Կույս Մարիամ» մետրոյի կայարանում։

Ցուցահանդեսում ներկայացված են Իրանի զինված ուժերում ծառայած և ութամյա պատերազմի ընթացքում զոհված իրանահայերի դիմանկարները։

Իրանահայերը պատերազմին մասնակցել են որպես Իրանի քաղաքացիներ։ 1980 թվականի սեպտեմբերին Իրաքի ներխուժումից հետո հայ տղամարդիկ ևս զորակոչվել են զինվորական ծառայության։ Ըստ տարբեր գնահատականների՝ պատերազմին մասնակցել է շուրջ 17,000 իրանահայ, իսկ իրանահայ աղբյուրներում զոհված զինծառայողների թիվը տատանվում է 89-ից մինչև 260։

Պատերազմը ծանր հետևանքներ է ունեցել նաև Իրանի հայկական համայնքի համար։ Նոր Ջուղայի պատմական հայկական համայնքից հարյուրավոր տղամարդիկ զորակոչվել են, իսկ իրանահայերը նաև նյութական աջակցություն են տրամադրել Իրանի զինված ուժերին։ Մարտական գործողություններից առավել տուժած Խուզեստան նահանգում բնակվող հազարավոր հայեր տեղահանվել են և ապաստան գտել Նոր Ջուղայում։

Իրանում մինչ օրս շարունակվում է Իրանա-իրաքյան պատերազմի ընթացքում զոհված հայ և այլ քրիստոնյա զինծառայողների հիշատակի ոգեկոչումը։ Սուրբ Ծննդյան օրերին Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներն ավանդաբար այցելում են զոհված քրիստոնյա զինծառայողների ընտանիքներին։

«Մարյամ-է Մողադդաս» մետրոյի կայարանը ևս խորհրդանշում է Իրանում հայերի դարավոր ներկայությունը և Թեհրանի հանրային տարածքում երկրի պատմական հայկական քրիստոնեական համայնքի ներկայությունը հիշեցնող խորհրդանիշներից մեկն է: