40-ամյա Հայաստանի քաղաքացին Վրաստանում կալանավորվել է Հեյդար Ալիևի կիսանդրին ենթադրաբար վնասելու համար։

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին՝ Թբիլիսիի պատմական Աբանոտուբանի թաղամասում գտնվող Հեյդար Ալիևի անվան այգում։

Վրաստանի իշխանությունները սկզբում հայտնել էին միայն օտարերկրյա քաղաքացու ձերբակալության մասին։ Ավելի ուշ նրա հանրային պաշտպանը հաստատել է, որ նա Հայաստանի քաղաքացի է, Վրաստան է ժամանել որպես զբոսաշրջիկ և երկրում էական կապեր չունի։ Նա օգտվում է լռելու իր իրավունքից և դատարանի որոշմամբ կալանավորվել է։

Գործը քննվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով՝ գույքը վնասելու կամ ոչնչացնելու հատկանիշներով։ Հոդվածը նախատեսում է մինչև հինգ տարվա ազատազրկում։ Նախնական դատական նիստը նշանակված է նոյեմբերի 12-ին։

Կիսանդրին տեղադրված է Հեյդար Ալիևի անունը կրող այգում։ Ալիևը ղեկավարել է Ադրբեջանը 1993 թվականից մինչև իր մահը՝ 2003 թվականը։ Freedom House-ը նրա կառավարման համակարգը բնութագրել է որպես խորհրդային տիպի ուղղահայաց համակարգ՝ հիմնված հովանավորչության և քաղաքական այլախոհության ճնշման վրա։

Թբիլիսիի այգին հիմնվել է 2004 թվականին, իսկ Ալիևի հուշարձանը պաշտոնապես բացվել է 2007-ին՝ Վրաստանի և Ադրբեջանի քաղաքական ու տնտեսական կապերի խորացման շրջանում։ Թբիլիսիի գետափնյա հատվածներից մեկը ևս կրում է Ալիևի անունը, իսկ նրան նվիրված մեկ այլ այգի և հուշարձան գտնվում են Ռուսթավիում։

Մինչդեռ Երևանը շարունակում է հրապարակային լռություն պահպանել։

Սեպտեմբերի 30-ի դրությամբ ոչ Հայաստանի ԱԳՆ-ն, ոչ էլ Թբիլիսիում Հայաստանի դեսպանությունը չեն անդրադարձել կալանավորմանը։ Անհայտ է նաև՝ արդյոք հայ դիվանագետները կապ հաստատել են կալանավորվածի հետ կամ նրան հյուպատոսական աջակցություն տրամադրել։

Վրաստանի իշխանությունները չեն հրապարակել հնարավոր շարժառիթը և նրա դեմ առկա ապացույցների մանրամասները։