Եկատերինա Թաիրյան
Տիգրանաշենի հարցը հայկական պետության դիմադրողականության (իմունիտետի) ևս մեկ փորձարկում է։
Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը պատրաստվում են խարխլել Հայաստանի Հանրապետության Երասխ-Զանգակատուն պաշտպանական գոտին, որը ձգվում է ՀՀ Արարատի մարզի հարավային և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հյուսիսային սահմանով։
Երասխ-Եղեգնաձոր-Սիսիան ճանապարհով բոլորս ենք գոնե մեկ անգամ անցել։ Ալիևի նպատակն է այդ ճանապարհի կարևոր բարձունքներում գտնվող Տիգրանաշեն բնակավայրի հատվածում տեղակայել ադրբեջանական զորք։ Թշնամու կողմն անցած Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ տվել է իր համաձայնությունը և Ալիևին հրավիրել Տիգրանաշեն (ըստ իրեն՝ «Քյարքի»)։ Նա սպառնում է Տիգրանաշենը հայկական համարող հայ մարդկանց՝ ասելով, որ մենք պատերազմ ենք հայտարարում, եթե Տիգրանաշենը համարում ենք Հայաստանի Հանրապետության մաս։
Մի կողմ դնենք հարցի հուզական ու բարոյական շերտը, այն հանգամանքը, որ Տիգրանաշենը մեր հայրենիքի մի մասնիկն է, մեր հայրենի հողը, Տիգրանաշենի բարձունքներն իրենց արյան գնով անառիկ են պահել մեր հերոսացած տղերքը, և զուտ անբարոյականություն է այդ հողը ադրբեջանական համարելը։ Բայց դե, անօգուտ զբաղմունք է բարոյականության ու ՔՊ-ի մեջ կապեր որոնելը։
Հուզականից անդին՝ չոր մնացորդն այն է, որ եթե հայ ժողովուրդը չդիմադրի, Փաշինյանն ու Ալիևը (և նրանց արևմտյան ու իսրայելական հովանավորները) կյանքի կկոչեն այդ հրեշավոր ծրագիրը։ Ըստ այդ ծրագրի՝ Երևան-Երասխ-Եղեգնաձոր-Սիսիան ճանապարհը կանցնի ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Ադրբեջանական բանակը զինված անցակետեր և մաքսակետեր կտեղակայի Տիգրանաշենով անցնող միջպետական (Մ2) ճանապարհի վրա (ինչպես դա արեց Լաչինում, Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն հատվածներում, Կիրանցում, Սոթքում և այլուր)։
Եկեք մի պահ պատկերացնենք, թե ի՞նչ տեղի կունենա Տիգրանաշենը թշնամու վերահսկողության տակ անցնելուց հետո։
Ցավոք, հայկական ընդդիմադիր դաշտում շրջանառվեց այն հեռանկարը, որ «Ադրբեջանը նավթադոլարներով Տիգրանաշենում կկառուցի բնակելի ավան և քաղաք», այն կբնակեցնի ադրբեջանցիներով, տնտեսապես կզարգացնի այդ տարածքները։ Սա, իհարկե, լուրջ չէ, չհիմնավորված, իրականությունից շատ հեռու թյուր կարծիք է։
Կարծում եմ՝ ոչ մեկի մոտ կասկած չի առաջանում, թե որն է լինելու հայատյաց Ալիևի առաջին քայլը։ Վերահսկել հայկական հողի հյութալի այս պատառը իր վառ երազանքներից է։ Պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանը անմիջապես կռազմականացնի Տիգրանաշենը, կպահանջի, որ ՀՀ տարածքով իրեն տրամադրվի Նախիջևանի հետ կապող միջանցք, զինված անցակետեր կտեղակայի Մ2 միջպետական ճանապարհին։ Հայկական տրանսպորտային միջոցների երթևեկությունը Երևանից դեպի Սյունիք և Սյունիքից Երևան ուղղություններով կընդհատվի, եթե մեր պետության համար գոյաբանական նշանակություն ունեցող այս զարկերակն ուղղակի փակվի ադրբեջանական զորքի բլոկադայով։
Մինչ օրս իր զավթած բոլոր տարածքները Ադրբեջանի բռնապետը վերահսկում է միմիայն բանակով։ Նայե՛ք Արցախին և ՀՀ տարածքից օկուպացված հատվածներին՝ ամենուր ռազմակայաններ են, ամրաշինական աշխատանքներ, պատրաստություն ապագա զավթողական պատերազմներին։ Երեք տարի է՝ Արցախն ամբողջովին ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ է։ Եվ ի՞նչ։ Արցախն այսօր փակ, ռազմականացված տարածք է՝ առանց քաղաքացիական բնակչության, որտեղ 4-5 NATO-ի ստանդարտներով օդակայաններ են կառուցվել։
ՏԻԳՐԱՆԱՇԵՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՓԱԿ ԶԻՆՎԱԾ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԾԵԼ-ՉՎԵՐԱԾԵԼՈՒ ՀԱՐՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ, ԳՈՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՆ Է։
Այս հույժ կարևոր հարցը պիտի մտահոգի ողջ հայությանը, քանի որ սա Հայաստանի Հանրապետության անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության մասին է։ Սյունիքի հայապատկան լինել-չլինելու մասին է։ Իրանի հետ մեր հուսալի կապի մասին է։
Բնականաբար, նման կարևորության ճանապարհի ադրբեջանական բլոկադան առաջացնելու է բազմաթիվ խնդիրներ, այս մասին շատերն են խոսել վերջին տարիների ընթացքում։ Այդ խնդիրները լինելու են առօրեական, կենցաղային. օրինակ՝ Արարատի մարզի միմյանց մոտ գտնվող մի բնակավայրից մյուսը գնալը 20 րոպեի փոխարեն 1,5 ժամ է տևելու։ Բայց ո՛չ միայն տեղական, կենցաղային ու տնտեսական են լինելու խնդիրները։
ՄԵՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՆՔ ԽԱՐԽԼՎԱԾ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻ, ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ՈՒ ԱՆՊԱՇՏՊԱՆ ՍՅՈՒՆԻՔ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐ։
Ադրբեջանի բլոկադայի պատճառով հայկական զինտեխնիկան չի կարող հասնել Վայոց Ձոր և Սյունիք, եթե այդ մարզերը ենթարկվեն ադրբեջանական հարձակման, ասենք՝ Ջերմուկի, Իշխանասարի, Գորիսի կամ Մեղրիի ուղղությամբ։
Սրանք գոյաբանական և կենսական անվտանգային հարցեր են, որոնց վերաբերյալ դիրքորոշում ու կարծիք պիտի հայտնեն հայ հանրության, հայ ժողովրդի բոլոր շերտերը՝ անհատներից մինչև կազմակերպություններ և կառույցներ։
Կարևոր է՞ արդյոք Արարատի մարզի, մասնավորապես Տիգրանաշենի և հարակից գյուղերի բնակիչների կարծիքը և դիրքորոշումը։ Անշուշտ, կարևոր է, սակայն անտրամաբանական կլիներ ուղղակի ենթադրել, որ դժվարություններով լի իրենց կյանքն ապրող այս հայ գյուղացիները անհագ ցանկություն կունենան, որ իրենց տարհանեն իրենց տներից և իրենց գյուղում թուրք-ադրբեջանական ռազմաբազա տեղակայեն։
Ինչպես արդեն նշեցինք, Տիգրանաշենի հարցը տեղային խնդիր չէ, այն ՀՀ սահմանների փոփոխության և տարածքային խնդիր է։ Տարածքային և սահմանային հարցերը մեր երկրում լուծվում են հանրաքվեով (Սահմանադրության 205-րդ հոդված)։ Հանրաքվեին մասնակցում են ՀՀ բոլոր քաղաքացիները, ոչ թե միայն այս կամ այն շրջանի բնակիչները։
Տիգրանաշենում ապրում են ՀՀ ընտրողների 0,004%-ը։ Ամենայն հարգանքով Հայաստանի սահմանների և տարածքի մասին նրանց ունեցած դիրքորոշման նկատմամբ՝ մենք պիտի կարևորենք ՀՀ քաղաքացիների մնացած 99,996%-ի դիրքորոշումը։
Անընդունելի է ընդդիմության կողմից հնչող մեղադրանքները Տիգրանաշենցիների հասցեին, թե նրանք վերջին ընտրություններում այս թրքամետ իշխանությանն են ձայն տվել։
Անընդունելի է, քանզի Տիգրանաշենի խեղճ ու կրակ գյուղացուն թիրախ դարձնելով՝ Հայաստանը հաստատ ավելի անվտանգ ու պաշտպանված չի դառնում։
Անընդունելի է, քանի որ հենց դա է Փաշինյանի հաղթաթուղթը՝ տեղայնացնել համազգային հարցերը, ատելություն սերմանել, բաժանել և տիրել, գումարով, շանտաժով ու քրեական գործերով իր կողմը քաշել անհատ մարդկանց և ցույց տալ, որ հերթական մի «Տիգրանաշենում», «Կիրանցում», «Շուռնուխում», «Գորիսում» մարդիկ իր թրքահաճո որոշումների հետ հաշտ են։
Ընդդիմությունը չպետք է թույլ տա նման տարրական սխալներ։ Իհարկե՛, անհրաժեշտ է խոսել մեր բոլոր գյուղացիների հետ, լսել նրանց դարդ ու ցավը, հասկանալ նրանց տնտեսական ու կենցաղային խնդիրները։ Սակայն համապետական նշանակության անվտանգային ու պաշտպանական խնդրի լուծումների մասին խոսել՝ վկայակոչելով մի բնակավայրի փոքրաթիվ մարդկանց դիրքորոշումը, առնվազն քաղաքական կարճատեսություն է, և չպետք է ընկնել այդ ծուղակը։
Եվ վերջինն ու ամենակարևորը. երբ դու գիտես, որ թշնամին ախորժակ ունի գրավելու քո տարածքը, աչքը տնկել է քո երկրի կարևոր բարձունքների վրա, դրա մասին հայտարարում է ամեն օր, իսկ Հայաստանի իշխանությունը ոչ միայն չի դիմադրում, այլ հրավիրում է թշնամուն Երևանի մատույցներ, ինչպե՞ս կարող ենք նման իրավիճակում խոսել ինչ-որ տնտեսական զարգացման ծրագրերի մասին (ի դեպ, նման ծրագրեր անհրաժեշտ են Հայաստանի բոլոր շրջաններում)։
Ի վերջո, մենք ընդունո՞ւմ ենք, որ Ադրբեջանը բոլոր օկուպացված հայկական տարածքներում առաջին հերթին տեղակայում է ՄԻՆՉԵՎ ԱՏԱՄՆԵՐԸ ԶԻՆՎԱԾ ԶՈՐՔ, կառուցում և ամրացնում է ռազմական հենակետեր, ռազմական օդանավակայաններ։ Եթե այո, ապա ինչո՞ւ նա դա չի անելու Տիգրանաշենում։
ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ
Տիգրանաշենում ադրբեջանական ռազմաբազայի տեղակայումը կանխելու միակ ճանապարհը դա թշնամու կողմն անցած դավաճաններին մեկուսացնելն ու չեզոքացնելն է, ո՛չ թե նրանց հետ ԱԺ-ում հանձնաժողովներ կազմելը, կառավարության երդման տեքստը քննարկելը կամ բարեկրթության նորմերով մանր-մունր վեճեր հրահրելն ու հարթելը։
Մեզ անհրաժեշտ է Տիգրանաշենի ռազմական պաշտպանություն, և ոչ թե աղետին ընդառաջ՝ տնտեսական զարգացման մասին հեքիաթներ (ամենայն հարգանքով)։
Թե բա՝ Տիգրանաշենում «գաստրոտուրիզմ» է պետք զարգացնել, անասնապահություն ու գինեգործություն։ Բառացի եմ մեջբերում Նարեկ Կարապետյանի խոսքը. «Մենք առաջարկում ենք զարգացնել էս տարածքները, ստեղծել լոգիստիկ և տուրիստական հետաքրքիր տարածաշրջան»։
Ուզում ես հարցնել, պարոն Կարապետյան ջան, իսկ Ջերմուկում տուրիզմը էդքան էլ լավը չէր, հա՞, դրա համար հրետակոծվե՞ց քաղաքը և գրավվեցին հարակից բարձունքները։
Կապանն էլ թերզարգացած մի վայր էր՞, դրա համար է, երևի, քաղաքի գլխին ադրբեջանական դրոշ ծածանվում։ Ստեփանակերտը, Շուշին ու Հադրութն էլ երևի աթարից սարքած տներով բնակավայրեր էի՞ն, դրա համար է այնտեղ թշնամին տեր ու տիրականի պես շրջում։
Այս տրամաբանությամբ ստացվում է, որ Արցախում ոչ տնտեսություն կար, ոչ էլ որևէ արժեք էր ստեղծվում։
Արցախն ուներ զարգացող գյուղատնտեսություն, գինեգործություն, տուրիզմ, գորգագործություն, հանքարդյունաբերություն, հիդրոկայաններ (այդ տնտեսությունը նաև զարգանում էր Կարապետյանների ու Վարդանյանների նման հայազգի հզոր բարերարների շնորհիվ), բայց դա Նիկոլին ու Ալիևին հետ չպահեց իրենց հրեշավոր հայաթափման պլանն իրագործելուց։
ԹՇՆԱՄՈՒ ԿՈՂՄԻՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ԿԱՍԵՑՎՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅԱՄԲ, ՈՉ ԹԵ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԵՂԵՑԻԿ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱԿԵՏՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ։
Կսպասենք Տիգրանաշենի պաշտպանության և Երասխ-Զանգակատուն պաշտպանական գծի ռազմականացման պլանի ներկայացմանը:
Դր. Եկատաերինա Թաիրյանը հանրային առողջության և առողջապահության կառավարման երկարամյա փորձով մասնագետ է: Կրթական, հետազոտական և աշխատանքային գործունեությունը ծավալել է Հայաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և Կանադայում: 2008թ-ից հանդիսանում Է Կանադայի Սայմոն Ֆրեյզեր Համալսարանի ավագ դասախոս: