1974 թվականի հուլիսի 20-ին թուրքական բանակի ներխուժմամբ Կիպրոսի Հանրապետությունը բաժանվեց երկու մասի՝ հունական և թուրքական։
Թուրքիան օկուպացրեց կղզու տարածքի շուրջ 37%-ը, որտեղ 1983 թվականին Անկարան միակողմանիորեն հռչակեց «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»՝ միջազգային իրավունքի տեսանկյունից չճանաչված կազմավորում, որն այսօր ճանաչվում է բացառապես Թուրքիայի կողմից։
Ներխուժման և օկուպացիայի հետևանքով շուրջ 200 000 կիպրացի հույներ հարկադրված են եղել լքել իրենց բնակավայրերը և տեղափոխվել կղզու հարավային հատված։
Հյուսիսային Կիպրոսի օկուպացիայից հետո լրջորեն տուժել է տարածաշրջանի մշակութային ժառանգությունը։ Ոչնչացվել կամ վնասվել են բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, այդ թվում՝ հայկական մշակույթի հիշարժան կոթողներ։
Հատկանշական է, որ 1974 թվականի ռազմական գործողություններից հետո հյուսիսային Կիպրոսում գտնվող Մակարավանքը ամբողջությամբ ավերվել է։ Նիկոսիայում գտնվող Սուրբ Պողոս և Սուրբ Հարություն մատուռները հայտնվել են ՄԱԿ-ի վերահսկողությամբ գործող բուֆերային գոտում և տարիներ շարունակ մնացել լքված վիճակում։