Արցախի մշակույթի ինը նախկին նախարարներ բաց նամակով դիմել են Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին՝ պահանջելով գործնական քայլեր ձեռնարկել օկուպացված Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության համար։

Նախկին նախարարները նշել են, որ Արցախում շարունակվում են հայկական մշակութային կոթողների ոչնչացման, ինքնության խեղաթյուրման և յուրացման փորձերը, մինչդեռ Ադրբեջանը փորձում է այդ քաղաքականությունը լեգիտիմացնել նաև միջազգային հարթակներում։

Նրանք ԿԳՄՍ նախարարությունից պահանջել են հրապարակային և հստակ գնահատական տալ Ադրբեջանի վարած քաղաքականությանը, ստեղծել մշտադիտարկման և փաստագրման պետական մեխանիզմներ, ինչպես նաև հարցը հետևողականորեն բարձրացնել միջազգային մասնագիտական և միջպետական կառույցներում։

Բաց նամակում հատուկ անդրադարձ է կատարվել Արցախի թանգարանային հավաքածուների պահպանմանը, դրանց իրավական կարգավիճակի փաստագրմանը և բռնի տեղահանված արցախահայության մշակութային իրավունքների համատեքստում այդ արժեքների վերադարձի հարցը միջազգային օրակարգում ներառելուն։

Նամակը ստորագրել են Արցախի մշակույթի նախկին նախարարներ Անահիտ Հակոբյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը, Սերգեյ Շահվերդյանը, Նարինե Աղաբալյանը, Նորեկ Գասպարյանը, Կամո Աթայանը, Աշոտ Ղուլյանը, Արմեն Սարգսյանն ու Նելլի Ոսկանյանը։