Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսյանի հրապարակած արբանյակային լուսանկարները վկայում են, որ Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել օկուպացված Արցախում գտնվող հայկական հուշարձանները։ Ավանեսյանի գնահատմամբ՝ այս գործողությունները հայկական պատմական հիշողությունը ջնջելու համակարգված քաղաքականության մաս են։
Ասկերանի շրջանի Շոշ գյուղում 2024 թվականի ապրիլի 19-ից մինչև 2025 թվականի հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում ոչնչացվել է երկու հուշարձան։ Դրանցից մեկը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, մյուսը՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի արժանացած Արցախյան պատերազմի հերոս Արգամ Հարությունյանին։
Նմանատիպ ավերածություններ են արձանագրվել նաև Աստղաշեն և Այգեստան գյուղերում։ Աստղաշենում ոչնչացվել են 2012 թվականին կանգնեցված՝ Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին նվիրված հուշարձանը և 1970-ական թվականներին կառուցված Հայրենական մեծ պատերազմի հուշակոթողը։ Այգեստանում ավերվել են Արցախյան պատերազմի մասնակիցներին նվիրված խաչքարն ու Հայրենական մեծ պատերազմի հուշարձանը։
Շուշիում Ադրբեջանը քանդել է Հայոց ցեղասպանության, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը։ Դրա տարածքում այժմ կառուցվում են ադրբեջանական թանգարան, մզկիթ և հրապարակ։ Ոչնչացվել են նաև Խորհրդային Միության հերոսներ Նելսոն Ստեփանյանի և Իվան Թևոսյանի կիսանդրիները։
Հուշարձանների ոչնչացման դեպքեր են արձանագրվել նաև Բերձորում, Ստեփանակերտում, Ասկերանում և Հադրութում։ Ավերված հուշարձանների թվում են հայազգի անվանի զորահրամանատարներ Հովհաննես Բաղրամյանի, Հովհաննես Իսակովի և Արմենակ Խանփերյանցի հիշատակը հավերժացնող հուշակոթողները։
Հովիկ Ավանեսյանը նաև հղում է կատարել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 243.4-րդ հոդվածին, որը պատասխանատվություն է նախատեսում Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշարձանների ոչնչացման կամ պղծման համար՝ ներառյալ Ռուսաստանի սահմաններից դուրս գտնվող հուշարձանները։
Ավանեսյանը կոչ է արել իրականացնել անկախ հետաքննություններ, շարունակել արբանյակային մշտադիտարկումը և ապահովել միջազգային պատասխանատվության մեխանիզմների կիրառումը։ Նա ընդգծել է, որ փաստագրված դեպքերը տեղի ունեցող ավերածությունների միայն մի փոքր մասն են։
Հայկական հուշարձանների ոչնչացումը պարզապես առանձին հուշակոթողների կորուստ չէ։ Ադրբեջանը հետևողականորեն վերացնում է այն նյութական վկայությունները, որոնք փաստում են Արցախում հայ ժողովրդի դարավոր ներկայությունը, նրա պատմությունը, պայքարն ու զոհողությունները։