Նոյեմբերի 4-ի վաղ առավոտյան Փաշինյանի իշխանությունների իրավապահ մարմինները միաժամանակ խուզարկություններ են սկսել 65 հասցեներում, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։

Կուսակցության մամուլի խոսնակ Աղավնի Սուքիասյանի փոխանցմամբ՝ խուզարկություններ են իրականացվում նաև Կարապետյանների ընտանիքի հետ առնչվող այլ գույքերում։

Քննչական կոմիտեն հաստատել է, որ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են ընթանում 65 հասցեներում։

ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ հանցագործությունների մասին է խոսքը և նշված հասցեներից քանիսն են առնչվում Կարապետյանների ընտանիքին։

Սամվել Կարապետյանի բնակարանի մոտ Ազգային ժողովի փոխնախագահ Արամ Վարդևանյանը հայտնել է, որ տարածքում կան հատուկջոկատայինների մեքենաներ և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ։

Վարդևանյանի գնահատմամբ՝ տեղի ունեցողը քաղաքական պատվերով իրականացվող գործողություն է։

«Այստեղ որևէ իրավական հիմք մի փնտրեք։ Սա ամբողջությամբ քաղաքական պատվերների, քաղաքական հրահանգների և քաղաքական հանձնարարականների տիրույթում է», ասել է նա։

Խուզարկությունները տեղի են ունենում այն բանից օրեր անց, երբ Նիկոլ Փաշինյանը սպառնացել էր հանրային ճնշում գործադրել խորհրդարանական ընդդիմության նկատմամբ՝ Ադրբեջանի պահանջած սահմանադրական փոփոխություններին դիմադրելու պատճառով։

Հոկտեմբերի 29-ին Փաշինյանը չէր բացառել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, եթե ընդդիմադիր պատգամավորները շարունակեն խոչընդոտել սահմանադրական հանրաքվեի կազմակերպմանը։ Նա նաև առաջարկել էր խորհրդարանի շենքի մոտ ցույցեր կազմակերպել և հայտարարել, որ արտահերթ ընտրություններից հետո ներկայիս ընդդիմությունը չպետք է վերադառնա Ազգային ժողով։

Նոյեմբերի 2-ին Փաշինյանը կրկին հայտարարել էր, որ իր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետք է առաջնորդի ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ հանրային ճնշումը, եթե նրանք շարունակեն արգելափակել հանրաքվեի անցկացումը։

Քննչական կոմիտեն առայժմ չի անդրադարձել խուզարկությունների քաղաքական դրդապատճառների վերաբերյալ մեղադրանքներին։