Փաշինյանի կառավարությունը 2027 թվականի հունվարի 1-ից պատրաստվում է զգալիորեն բարձրացնել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, ինչը, ըստ հաշվարկների, պետական բյուջեի վրա կարժենա ավելի քան 25 միլիարդ դրամ։

Առաջարկվող համակարգով նախագահի ամսական աշխատավարձը շուրջ 1.5 միլիոն դրամից կհասնի 2.6 միլիոն դրամի, իսկ Նիկոլ Փաշինյանի աշխատավարձը նույնպես կկազմի 2.6 միլիոն դրամ։

Նախարարները ամսական կստանան մոտ 2 միլիոն դրամ՝ ներկայիս շուրջ 998 հազար դրամի փոխարեն, իսկ փոխնախարարների աշխատավարձը կգերազանցի 2.1 միլիոն դրամը։ Անվտանգության խորհրդի քարտուղարի աշխատավարձը կմոտենա 2 միլիոն դրամի, իսկ Մարդու իրավունքների պաշտպանինը՝ շուրջ 1.8 միլիոն դրամի։

Ազգային ժողովի նախագահի աշխատավարձը կկազմի մոտ 2.4 միլիոն դրամ, իսկ պատգամավորների աշխատավարձերը ներկայիս 832 հազար դրամից կբարձրանան մինչև մոտ 1.4 միլիոն դրամ։

Աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում է այն պայմաններում, երբ Հայաստանում աճում են սննդամթերքի և վառելիքի գները, իսկ տնտեսության մի շարք ոլորտներում անկում է գրանցվում։

Ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում գյուղատնտեսության ծավալը նվազել է 11.9%-ով։ Զբոսաշրջության ոլորտում նույնպես անկում է գրանցվել. հունվար-օգոստոսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2.5%-ով, իսկ օգոստոսին՝ 32.1%-ով։

Օգոստոսին տարեկան գնաճը կազմել է 4.4%։ Սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել են 6.4%-ով, միսը՝ 10.8%-ով, կաթնամթերքը, պանիրն ու ձուն՝ 11.8%-ով, իսկ միրգը՝ 10.5%-ով։

Թանկացել է նաև վառելիքը. բենզինի գինը տարեկան կտրվածքով աճել է 11.7%-ով, դիզելային վառելիքինը՝ 25%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 23.6%-ով։

Այսպիսով, բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում է գնաճի, թանկացումների և տնտեսության մի շարք ոլորտներում արձանագրված անկման պայմաններում։