Գերմանիայի արտաքին հետախուզության նախկին ղեկավար Ավգուստ Հաննինգը, ով հոկտեմբերի 6-ին ձերբակալվել է լրտեսության և պետական դավաճանության փորձի կասկածանքով, քննության կենտրոնում է հայտնվել Ադրբեջանի հետախուզության հետ ենթադրյալ կապերի պատճառով, հայտնում է Der Spiegel-ը։
80-ամյա Հաննինգը 1998-2005 թվականներին ղեկավարել է Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը՝ BND-ն։ Գերմանիայի դաշնային դատախազության տվյալներով՝ նա կասկածվում է գաղտնի տեղեկություններ ձեռք բերելու և դրանց հիման վրա ստացված նյութերը օտարերկրյա հետախուզության ներկայացուցչի հետ շփումներում օգտագործելու մեջ։
Der Spiegel-ի փոխանցմամբ՝ քննիչները կարծում են, որ գործով անցնող օտարերկրյա հետախուզության ներկայացուցիչը ադրբեջանցի է եղել։
Քննության վարկածով՝ Հաննինգը BND-ում իր նախկին գործընկեր Մանֆրեդ Դ.-ից ստացել է գաղտնի փաստաթղթեր և դրանցում պարունակվող տեղեկությունների հիման վրա պատրաստել հետախուզական վերլուծություն, որը նախատեսված էր ադրբեջանական հետախուզության ներկայացուցչի համար։ Քննությունը դեռ պարզում է՝ արդյոք այդ նյութը փոխանցվել է հասցեատիրոջը։
Հաննինգը նախկինում ևս կապեր է ունեցել Ադրբեջանի հետ։ Նա եղել է Գերմանա-ադրբեջանական ֆորումի ղեկավար մարմնի անդամ։ Կազմակերպությունը տարիներ շարունակ զբաղվել է Գերմանիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացման հարցերով։
Ֆորումը նախկինում ևս հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ գերմանացի քաղաքական գործիչների և Ադրբեջանի լոբբիստական ցանցերի միջև կապերի պատճառով։ Ադրբեջանի ազդեցության և եվրոպացի քաղաքական գործիչներին ենթադրյալ վճարումների թեման Գերմանիայում մի շարք քրեական և խորհրդարանական քննությունների պատճառ է դարձել։
Բունդեսթագի նախկին պատգամավոր Էդուարդ Լինտները հայտնվել է Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն գործի կենտրոնում։ Գերմանական իրավապահները հետաքննել են նաև նախկին պատգամավոր Աքսել Ֆիշերի՝ Ադրբեջանի հետ կապված ենթադրյալ վճարումների գործը։ Նախկին պատգամավոր Կարին Շտրենցի դեպքում Եվրոպայի խորհրդում արձանագրվել էին Ադրբեջանի հետ առնչվող չհայտարարված շահերի բախումներ։
Հոկտեմբերի 6-ին գերմանական իշխանությունները ձերբակալել են Հաննինգին և Մանֆրեդ Դ.-ին։ Հաննինգի նկատմամբ քննությունն ընթանում է պետական դավաճանական լրտեսության, պետական գաղտնիքներ ձեռք բերելու, պետական դավաճանության փորձի և օտարերկրյա հետախուզության օգտին գործելու կասկածներով։
Գերմանիայի դաշնային դատախազությունը պաշտոնապես չի հայտնել, թե որ երկրի հետախուզական ծառայության մասին է խոսքը։ Der Spiegel-ը, սակայն, հղում անելով քննությանը ծանոթ աղբյուրներին, հայտնում է, որ խոսքը Ադրբեջանի հետախուզության մասին է։
Հաննինգի փաստաբանը Ադրբեջանի հետ ենթադրյալ կապերի վերաբերյալ հրապարակային մեկնաբանություն չի տվել։