Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը նոյեմբերի 14-ին կմասնակցի Լոնդոնի Բաթերսի զբոսայգում անցկացվելիք կիսամարաթոնին՝ աշխարհում կրոնական հալածանքների ենթարկվող քրիստոնյաներին աջակցելու նպատակով։
21 կիլոմետրանոց վազքի միջոցով սրբազանը նախատեսում է հավաքել 5,000 ֆունտ ստեռլինգ՝ հօգուտ «Օգնություն կարիքավոր եկեղեցուն» (Aid to the Church in Need, ACN) միջազգային կաթոլիկ բարեգործական կազմակերպության, որն աջակցում է հալածանքների ենթարկվող և խոցելի քրիստոնեական համայնքներին։
Նախաձեռնությունն իրականացվում է կազմակերպության #RedWednesday («Կարմիր չորեքշաբթի») արշավի շրջանակում, որի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել քրիստոնյաների նկատմամբ կրոնական հալածանքների վրա։
«Որպես եպիսկոպոս՝ ես գիտեմ, որ տառապանքը միայն անցյալին պատկանող կամ մեզնից հեռու երևույթ չէ։ Այսօր էլ աշխարհի տարբեր երկրներում բազմաթիվ քրիստոնյաներ հալածանքների են ենթարկվում։ Սակայն մենք շարունակում ենք անսասան մնալ աղոթքի, ճշմարտության և սիրո մեջ՝ հավատալով, որ Քրիստոսն ամրացնում է Իր ժողովրդին», նշել է Հովակիմ Սրբազանը կազմակերպության հետ զրույցում։
Եպիսկոպոսը կարևորել է նաև կազմակերպության աջակցությունը Հայաստանի քրիստոնեական համայնքներին՝ Հայ Կաթողիկե եկեղեցու միջոցով։ Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունը քրիստոնեական տարբեր ավանդույթների միջև համերաշխության դրսևորում է։
Սա Հովակիմ Սրբազանի առաջին բարեգործական վազքը չէ։ Սեպտեմբերի 20-ին նա մասնակցել է 10 կիլոմետրանոց վազքի՝ աջակցելու 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակումից և Արցախի հայաթափումից հետո բռնի տեղահանված երեխաների համար կազմակերպվող ճամբարին։
2024 թվականին նա մասնակցել է նաև Վինձորի 5 կիլոմետրանոց վազքին և Քինգսթոնի կիսամարաթոնին։
Սրբազանը պատմել է, որ սկզբում վազքով զբաղվել է առողջությունը բարելավելու նպատակով, սակայն ժամանակի ընթացքում այն դարձել է ոչ միայն ֆիզիկական ակտիվություն, այլև աղոթքի ու մտորումների հնարավորություն։
«Վազքն ինձ համար վաղուց արդեն ավելին է, քան պարզապես մարզանքը։ Այն յուրատեսակ հոգեթերապիա է և հաճախ նաև աղոթքի ժամանակ։ Այդ պահերին ես մենակ եմ իմ մտքերի, Աստծո և իմ քայլերի ռիթմի հետ», ասել է նա։
Նոյեմբերի 14-ի կիսամարաթոնին ընդառաջ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը կոչ է արել աջակցել դրամահավաքին՝ ընդգծելով, որ քրիստոնեական հավատքն ու համերաշխությունը պետք է արտահայտվեն նաև գործերով։
«Ինչպես սովորեցնում է Սուրբ Հակոբոս առաքյալը՝ հավատքն առանց գործերի մեռած է», հիշեցրել է Սրբազանը։