1993-ի սկզբի քաոսային ամիսներին, երբ Արցախյան առաջին պատերազմը բոցավառվում էր ամբողջ թափով, ռազմաճակատից շատ հեռու տեղի ունեցավ մի արտառոց գործողություն, որ տասնամյակներով թաքցված մնաց հանրությունից։

Հետագա բացահայտումներով՝ հայկական հետախուզությունը գաղտնի օպերացիա էր իրականացրել. Ադրբեջանական ամենաառաջատար կործանիչներից մեկը՝ ՄիԳ-25-ը, առևանգվել էր։

Հանրությանը այն ժամանակ ասել էին բոլորովին ուրիշ բան. թե իբր օդային տարածք խախտած ՄիԳ-ը խոցվել է Կրասնոսելսկի մոտ և ընկել Սևանա լիճը։

Իրականում դա պատերազմի ամենահամարձակ ու գաղտնի հետախուզական օպերացիաներից մեկն էր։

Փակ ճեպազրույց

1993-ի հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին Աշոտ Մանուչարյանը (այն ժամանակ անվտանգության հարցերով խորհրդական) փակ հանդիպում ունեցավ մի քանի ռազմական թղթակիցների հետ։ Ֆոտոխցիկներ չտանել, ամեն ինչ off the record։

Մանուչարյանը պարզ ասաց.

«Երեկ մեր հատուկ ծառայությունները հաջողությամբ ավարտեցին բարդ օպերացիա։ Դալլյարի ավիաբազայից (Ադրբեջան) մարտական թռիչքի քողի տակ օդ բարձրացավ ՄիԳ-25-ը և անվտանգ վայրէջք կատարեց Էրեբունիում։ Այդ ինքնաթիռը կարող է հետախուզություն անել, ռումբեր կրել, նույնիսկ միջուկային զենք։ Գործողությունը երկար էր պատրաստվում։ Ռուսաստանում գտանք նախկին օդաչուի, ով համաձայնեց փողի դիմաց աշխատել մեզ հետ։ Նրա առաջադրանքը պարզ էր՝ մտնել Ադրբեջանի ռազմաօդային ուժեր, առաջին իսկ թռիչքի ժամանակ ինքնաթիռը բերել Հայաստան։ Այդպես էլ եղավ»։

Հետո՝ հրահանգ լրագրողներին.

«Պաշտոնապես պետք է գրեք, որ ադրբեջանական ՄիԳ-25-ը խոցվել է մեր ՀՕՊ ուժերի կողմից Կրասնոսելսկի մոտ և ընկել Սևան։ Տեղացիները տեսել են։ Օդաչուն չի կատապուլտավորվել։ Այս տարբերակը պետք է լսի ժողովուրդը՝ պետական անվտանգության շահերից ելնելով»։

Հարց՝ որտե՞ղ է օդաչուն։

«Տեղափոխված է արտերկիր։ Ոչ ոք երբեք չպետք է իմանա նրա անունն ու գտնվելու վայրը»։

Այդ երեկո լրատվական գործակալությունները հրապարակեցին «պաշտոնական» տարբերակը։ Հաջորդ առավոտ թերթերը գրում էին «ՀՕՊ-ի հերթական հաղթանակի» մասին։

Մի քանի օր անց ընդդիմադիր թերթերից մեկը փոքրիկ նշում արեց «ինքնաթիռի առևանգման հաջող գործողության» մասին։ Իշխանությունները հայտարարեցին՝ «մամուլի հերյուրանք»։ Պատմությունը խեղդվեց պատերազմի տեղեկատվական աղմուկի մեջ։

Բայց ներկա գտնվածների համար այն մնաց անմոռաց.

Առաջին Արցախյան պատերազմի այն անտեսանելի կողմը, որտեղ հոգեբանական պատերազմն ու գաղտնիությունը երբեմն ավելի կարևոր էին, քան ռազմաճակատի մարտերը։