2023 թվականի սեպտեմբերին, Արցախի ադրբեջանական բռնազավթումից հետո, Ադրբեջանի կողմից գերեվարված և այդ ժամանակից ի վեր Բաքվում ապօրինի պահվող գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը հայտարարությամբ է հանդես եկել Բաքվի բանտից, որտեղ ադրբեջանական իշխանությունները շարունակում են դատել նրան և Հայաստանի ևս 14 քաղաքացիների։

Մանուկյանի խոսքով՝ Բաքվի վերաքննիչ դատարանում ընթացող դատավարությունը ուղղված չէ միայն 15 հայ գերիների դեմ, այլ՝ «հայ ժողովրդի անցյալի և ներկայի դեմ», քանի որ առաջադրված մեղադրանքներով փորձ է արվում վերաշարադրել պատմությունը՝ ենթադրյալ քրեական պատասխանատվությունը հասցնելով մինչև անցյալ դարի սկիզբ։

Նա նշել է, որ ինքն ու մյուս հայ գերիները շարունակում են դատարանում պայքարել իր բնորոշմամբ շինծու մեղադրանքների դեմ՝ պաշտպանելով ոչ միայն իրենց իրավունքները, այլև «հայ ժողովրդի և հայոց պետականության արժանապատվությունը»։

Ուղղակիորեն դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ Մանուկյանը կոչ է արել հրապարակայնորեն հայտնել իր դիրքորոշումը Ադրբեջանի ներկայացրած մեղադրանքներից մեկի վերաբերյալ, ըստ որի՝ Հայաստանը 2020 թվականի սեպտեմբերին ծրագրել, նախապատրաստել և վարել է ագրեսիվ պատերազմ։ Նրա խոսքով՝ քանի որ այդ ժամանակ Փաշինյանը եղել է Հայաստանի ղեկավարն ու գերագույն հրամանատարը, նա պետք է հրապարակայնորեն արձագանքի այդ մեղադրանքին, հատկապես այն պայմաններում, երբ, ինչպես նշել է Մանուկյանը, կան այն հերքող անհերքելի փաստեր և ապացույցներ։

Մանուկյանի խոսքով՝ լռելը կնշանակի համաձայնել Ադրբեջանի կեղծ մեղադրանքներին և պատասխանատվության տակ դնել ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև ամբողջ հայ ժողովրդին։

Նա նաև նշել է, որ ակնկալում է հստակեցում Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշման վերաբերյալ՝ Բաքվում պահվող հայերի կարգավիճակի հարցում՝ հավելելով, որ այնտեղ պահվողները «չեն զգում Հայաստանի Հանրապետության շունչը»։

Մանուկյանն իր ուղերձն ավարտել է՝ նշելով, որ ժամանակային սահմանափակումների պատճառով ստիպված է իր խոսքը կարճ պահել։

Ամբողջական ուղերձը.

«Հարգելի հայրենակիցներ, հույսով եմ՝ մասամբ տեղյակ եք, Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվում է Հայաստանի Հանրապետության 15 քաղաքացիների նկատմամբ վերաքննիչ բողոքի հիման վրա դատական գործընթացը: Նշեմ, որ այդ դատական գործընթացն ուղղված չէ միայն այս 15 հոգու դեմ, այլ հայ ժողովրդի անցյալի և ներկայի դեմ է, քանի որ, ըստ մեղադրանքի և դատավճիռի՝ այն սկսվում է անցյալ դարի սկզբներից:

Իհարկե՝ այս բոլոր շինծու և կեղծ առաջ քաշված մեղադրանքների մասով ես և իմ գործընկերները դատարանում շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել մեր իրավունքները, ինչպես նաև հայ ժողովրդի և հայոց պետականության։

Այս պահին խոսքս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին՝ մեզ առաջադրված կեղծ մեղադրանքներից մեկով․ համաձայն այս երկրի քրեական օրենսգրքի 100․1, 100․2 հոդվածների, ըստ որի՝ 2020 թվականի սեպտեմբերին ագրեսիվ պատերազմի պլանավորման, նախապատրաստման և վարման ձևակերպումով, չնայած մեր բերած բոլոր անհերքելի ապացույցներին և փաստերին, դրանից բացի՝ այն տեղի է ունեցել միջազգային հանրության բաց տեսադաշտում։ Բայցևայնպես, քանի որ դուք եղել եք Հայաստանի Հանրապետության այս ժամանակ վարչապետը և միաժամանակ՝ գերագույն հրամանատարը, և պատերազմի պլանավորումը սկսում է հենց այդ օղակից, հորդորում եմ կոնկրետ այդ մեղադրանքների մասով հանրային ներկայացնել ձեր դիրքորոշումը։ Չարձագանքելու դեպքում կնշանակի, որ համաձայն եք կեղծ առաջ քաշված մեղադրանքներին՝ դրանով իսկ մեղսակի դարձնելով ոչ միայն ձեզ, այլև ողջ հայ ժողովրդին: 

Հուսով եմ, նախկինում ձեր գլխարկների վրայի անվանումը չի կորել: Դրանից բացի, ակնկալում եմ իմանալ մեր այստեղ գտնվողների կարգավիճակը, ըստ Հայաստանի Հանրապետության պետական դիրքորոշման:

Ցավալի է նաև, որ այստեղ գտնվողները չեն զգում Հայաստանի Հանրապետության շունչը․ բայց ինչ արած, իրականությունը սա է: 

Ժամանակիս ուղղության պատճառով ես այսքանը կխոսեմ։

Առայժմ»։