Ադրբեջանի այսպես կոչված ալբանա-ուդիական կրոնական համայնքի ներկայացուցիչները սեպտեմբերի 21-ին այցելել են Արցախի Գանձասար վանք, որտեղ կրոնական ծեսեր ու աղոթքներ են անցկացրել։ Ադրբեջանական լրատվամիջոցներն այդ այցը ներկայացրել են որպես «ալբանական քրիստոնեական ժառանգության» հետ կապված միջոցառում՝ հերթական անգամ փորձելով հայկական Գանձասարը ներկայացնել որպես ալբանական։
Գանձասարը կառուցվել է 13-րդ դարում՝ Հասան-Ջալալյան իշխանական տոհմի հայ իշխան Հասան Ջալալ Դոլայի օրոք։ Վանքի գլխավոր եկեղեցին ավարտվել է 1238 թվականին և ունի դրա կառուցման մասին վկայող հայերեն արձանագրություններ։ Դարեր շարունակ Գանձասարը եղել է Արցախի կարևորագույն հայկական հոգևոր կենտրոններից մեկը։
Այցի ընթացքում համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլին պնդել է, թե այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքների եկեղեցիները ալբանական են, իսկ Ադրբեջանը այդ ժառանգության «միակ իրավահաջորդն» է։
Սա առանձին դեպք չէ։ Այս ամսվա սկզբին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը օտարերկրյա դիվանագետների համար կազմակերպված այցի ընթացքում Գանձասարն ու Դադիվանքը նույնպես ներկայացրել էր որպես «Կովկասյան ալբանական» ժառանգություն։ Ադրբեջանական պաշտոնյաները նույն կերպ փորձում են խեղաթյուրել նաև Հասան-Ջալալյան հայկական իշխանական տոհմի պատմությունը։
Caucasus Heritage Watch-ը փաստագրել է Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ինքնությունը փոխելու լայնածավալ փորձերը։ Կազմակերպության տվյալներով՝ հայկական հուշարձանները պարբերաբար ներկայացվում են որպես «Կովկասյան ալբանական», իսկ հայկական արձանագրություններն ու պատկերները որոշ դեպքերում հեռացվել կամ ոչնչացվել են։
Կազմակերպությունը նաև փաստագրել է, որ 1997-2011 թվականներին Նախիջևանում ոչնչացվել են 108 հայկական վանքեր, եկեղեցիներ և գերեզմանատներ՝ դա գնահատելով որպես հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացում։
Գանձասարի դեպքում Ադրբեջանն այժմ ոչ միայն փորձում է վերագրել վանքի պատմությունը, այլ նաև այնտեղ կրոնական ծեսեր է անցկացնում՝ հայկական վանքը ներկայացնելով որպես այլ ժողովրդի ժառանգություն։